Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը պետության միանալու վերաբերյալ միջազգային պայմանագրերը վավերացնելու մասին օրենքը: Մեկ օր առաջ երրորդ ընթերցմամբ ԵՏՄ-ին երկրի միանալու վերաբերյալ միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրենքի նախագիծն ընդունել է Ղրղզստանի խորհրդարանը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Փաստաթուղթը բաղկացած է հիմնական մասից, որտեղ ամրագրված են անդամակցության պայմանները և նշված է պայմանագրի ուժի մեջ մտնելու կարգը, և երկու արձանագրություններից:
Անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ստորագրվել է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիր: Մայիսի 8-ին ԵՏՄ երկրների առաջնորդները ստորագրել են այդ պայմանագրի վերաբերյալ արձանագրությունները: Սակայն վերջնական անդամակցումը տեղի կունենա միայն բոլոր անդամ երկրներում վավերացման գործընթացների ավարտից հետո: