ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով նախատեսվում է 30-օրյա կալանք՝ ռազմական դրությունը խախտելու համար։ Փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պորտալում:

Ըստ այդմ՝ ռազմական դրության ռեժիմը խախտելու համար քաղաքացիներին սպառնում է 500-ից 1 հազար ռուբլի տուգանք կամ վարչական կալանք՝ մինչև 30 օր ժամկետով. պաշտոնյաներին սպառնում է նույն ժամկետով կալանք կամ տուգանք 1000-ից 2000 ռուբլու չափով: Տրանսպորտային միջոցը նման գործողություններում օգտագործելու համար կարող է սպառնալ մեքենայի առգրավում:

«Ռազմական դրության մասին» օրենքի համաձայն այն տարածքներում, որտեղ այն հայտարարված է, իշխանություններին թույլատրվում է քաղաքացիներից և կազմակերպություններից բռնագրավել պաշտպանության կարիքների համար անհրաժեշտ գույքը, ինչպես նաև քաղաքացիներին արգելվում է օրվա որոշակի ժամերին գտնվել փողոցներում և հասարակական այլ վայրերում։