Գերմանիայում իշխող կոալիցիան համաձայնեցրել է 2024 թվականին Ուկրաինային օգնության ծավալը կրկնապատկելու որոշումը՝ հասցնելով այն 8 միլիարդ եվրոյի, հայտնում է Bloomberg-ը։ Որոշումը շուտով պետք է հաստատի Գերմանիայի խորհրդարանի բյուջետային հանձնաժողովը:
Նոյեմբերի 11-ին Bild-ը հայտնել էր նաև Գերմանիայի կառավարության ընդունած որոշման մասին։ Գերմանական թերթի տվյալներով՝ սկզբում Գերմանիայի ֆինանսների նախարարությունը 2024 թվականի բյուջեում ներառել է Ուկրաինային ռազմական օգնության համար ընդամենը 4 միլիարդ եվրո, որոնք վերապահված են եղել նախկինում խոստացված նախագծերին։ Ուկրաինային օգնության ավելացումը տեղի է ունեցել պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի խնդրանքից հետո՝ այդ նպատակների համար լրացուցիչ 5 միլիարդ եվրո հատկացնելու մասին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ Բեռլինը 2024 թվականին երեք տասնամյակում առաջին անգամ կավելացնի պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2%-ը՝ առանց կենտրոնանալու Ուկրաինային օգնության մեծացման վրա: «Մեզ պետք է բանակ, որը կարող է պաշտպանել մեր երկիրը, որն ունի կարողություններ, հնարավորություններ և անձնակազմ՝ պաշտպանելու ՆԱՏՕ-ի անվտանգությունը այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է», - ասել է նա։ Այդ միջոցները նախատեսվում էր ծախսել հիմնականում զենքի և այլ նյութերի ձեռքբերման վրա։