ԱՄՆ-ը կոալիցիա է ստեղծում դաշնակից երկրների հետ' «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) դեմ պայքարելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Ուելսում ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Նա դիմել է 10 երկրների ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել են համաժողովին: Այնտեղ ներկա էին Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի պաշտպանության և ԱԳ նախարանները:
 
 
«Մենք պետք է հարձակում գործենք ԻԼԻՊ-ի վրա, որպեսզի կանխենք դրա կողմից նոր տարածքների գրավումը՝ այդպիսով աջակցելով Իրաքի անվտանգության ուժերին»,- նշել է Քերին՝ ավելացնելով, որ կոալիցիայի երկրները մտադիր չեն իրենց զինված ուժերը մտցնել Իրաքի տարածք:
 

Ավելի վաղ Իրաքի Նախագահ Ֆուադ Մաասումը նշել է, որ Իրաքին անհրաժեշտ է միջազգային հանրության օգնությունը' ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար: «Եթե ԻԼԻՊ-ը հաղթի Իրաքում, իսլամիստական կազմակերպությունը կարող է տարածվել այլ երկրներում»,- ասել է Իրաքի Նախագահը՝ հավելելով, որ իր երկիրը հաջողության կարող է հասնել ԱՄՆ-ի և հարևան երկրների հետ համագործակցության արդյունքում:

 

Ֆուադ Մաասումը նշել է, որ իրենք դեռ չեն դիմել ՆԱՏՕ-ի օգնությանը, սակայն օգնության խնդրանքով դիմել են Դաշինքի առանձին անդամներին: «Մեզ անհրաժեշտ է ժամանակակից զենք և մասնագետների օգնություն, իսկ ռազմական գործողություններն ԻԼԻՊ-ի դեմ կարող ենք կազմակերպել ինքնուրույն»,- ընդգծել է նա: