Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 6-ին քննարկման կդնի Հայոց ցեղասպանության մասին խորհրդարանի երեք խմբակցությունների բանաձևերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը հայտնեց, որ դեռևս հայտնի չէ' իշխող երկու կուսակցությունների և ընդդիմադիրների կողմից առաջ քաշված երեք բանաձևի քննարկման արդյունքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում կկայացնի՞ ստեղծել մեկը, թե՞ ոչ:

 

«Մենք, իհարկե, չորս խորհրդարանական խմբակցությունների կողմից լսեցինք ազդեցիկ և խրախուսական հայտարարություններ ապրիլի 24-ին: Սակայն դրանք շարունակում են մնալ անձնական տեսակետներ այնքան ժամանակ, քանի դեռ գերմանացի օրենսդիրները չեն քվեարկել բանաձևի օգտին (որն, ի դեպ, լինելու է ոչ օրենսդրական կամ ոչ պարտադիր): Սակայն մենք անհապաղ կարիք ունենք նման բանաձևի' և դա ոչ միայն Գերմանիայի հայ համայնքի ակնկալիքները բավարարելու համար: Մեզ համար դա անհրաժեշտ է դպրոցներում ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու համար, քանի որ այն ներկայումս կենտրոնացած է միայն Հոլոքոստի դեպքի վրա, մինչդեռ մեր հասարակությունն աստիճանաբար ավելի բազմէթնիկ է դառնում ներգաղթյալների մեծ խմբերի շնորհիվ, որոնք գալիս են Մերձավոր Արևելքից (Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Իրաք), որտեղ բնակվում են հայերի և քրիստոնյաների լայն զանգվածներ»,- «Արմենպրես»-ին ասաց Հոֆմանը' նշելով, որ այս պատճառներից ելնելով իրենք փորձում են կենդանի պահել իրազեկությունը:

 

Գերմանացի ցեղասպանագետն ուշադրություն հրավիրեց նաև նրա վրա, որ Գերմանիայի Դաշնային կառավարությունը որևէ բարձրաստիճան պաշտոնյայի ապրիլի 24-ին չուղարկեց ո’չ Երևան, ո’չ էլ Թուրքիա' Գալիպոլի: «Սա մեկ այլ ցուցիչն է այն փաստի, որ Գերմանիան խուսափում է հստակ դիրքորոշում որդեգրելուց»,- նշեց Հոֆմանը: