Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ջեմ Օզդեմիրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ' Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կլաուդիա Ռոթի և Ջեմ Օզդեմիրի համատեղ հայտարարությունը հրապարակել է gruene-bundestag․de կայքը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 24-ը հատուկ օր է Հայաստանի, Գերմանիայի, Թուրքիայի և միջազգային հանրության պատմական հիշողության մեջ։
«Մենք ոգեկոչում ենք Օսմանյան Կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը և խոնարհվում հատկապես նրանց առջև, ովքեր ցուցաբերել են մարդասիրություն և կարողացել փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր։
Գերմանիայի Բունդեսթագը 2016 թ. հունիսի 2-ին գրեթե միաձայն ընդունած բանաձևով նշեց, որ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունն Օսմանյան Կայսրության և մի փոքր Գերմանիայի պատմության մաս է կազմում։Որպես Օսմանյան Կայսրության դաշնակից այսօր մենք պարտավոր էինք ճանաչել այդ ցեղասպանությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ջեմ Օզդեմիրը պահանջում են դաշնային կառավարությունից, որպեսզի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևի համաձայն, Օսմանյան Կայսրությունում իրագործված ցեղասպանության թեման ներառվի Գերմանիայի կրթական ծրագրերում և բերվի դասարաններ։
«Մեր գերմանական փորձից գիտենք, թե որքան դժվար է առերեսվել պատմության մութ էջերին, սակայն գիտենք նաև, թե որքան բուժիչ է նման առերեսումը։ Բարձր ենք գնահատում Թուրքիայի քաղհասարակության խիզախ քայլերը' ժողովրդավարական, գիտական և ակադեմիական մոտեցմամբ առերեսվելու Թուրքիայի պատմությանը»,-ասված է հայտարարության մեջ։