Գերմանացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների, ինչպես նաեւ ԵՄ-Թուրքիա միացյալ խորհրդարանական հանձնաժողովների անդամ Ռենատե Սոմերը բավական լավ միտք է համարում Գերմանիայի դպրոցների կրթական ծրագրում Հայոց ցեղասպանության թեմայի ներառումը։

 

«Հայոց ցեղասպանությունը խրախուսեց Հիտլերին Հոլոքոստը սկսելու հարցում, եւ դա մեզ ցույց է տալիս, որ մենք չպետք է մոռանանք այն, ինչ պատահել է պատմության ընթացքում, քանի որ հակառակ դեպքում նման սարսափելի դեպքերը հնարավոր է՝ կրկնվեն։ Շատ կարեւոր է դպրոցներում ունենալ այդ հարցին առնչվող դասեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գերմանացի պատգամավորը։

 

Նրա խոսքով՝ Գերմանիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը միանշանակ օրինակ կծառայի այլ երկրների համար։

 

«Կարծում եմ դա կլինի ոչ միայն ԵՄ-ի ներսում, այլեւ համաշխարհային մասշտաբով, եւ ինչպես գիտեք, շատ այլ ազգային խորհրդարաններ արդեն ձեւավորել են բանաձեւեր Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ԵՄ-ն էլ դա արեց նախորդ տարվա ապրիլին։ Հուսով եմ, որ շատ խորհրդարաններ այս հարցում կմիանան Գերմանիային»,-նշեց նա։ Ռենատե Սոմերը նաեւ անընդունելի համարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքը այս հարցի վերաբերյալ։

 

«Ոչ ոք, հատկապես օտար երկրի նախագահը չի կարող Գերմանիայի խորհրդարականներին թելադրել՝ ինչ անել, ինչպես քվեարկել կամ արգելել ասել ինչ-որ բան։ Իսկ պատգամավորներից մեկի՝ Էրդողանի մուտքը Գերմանիայի տարածք արգելելու կոչը հավանաբար ցույց է տալիս, որ Էրդողանը բավականին հեռու է գնացել»,- եզրափակեց պատգամավորը։

 

Հունիսի 2–ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը կրող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, ինչից հետո:

 

Թուրքիան առաջին քայլով հետ կանչեց Գերմանիայում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին, ապա մեղադրանքներ հնչեցրեց Բունդեսթագի թուրքական արմատներ ունեցող պատգամավորների նկատմամբ, ինչը բողոքի լայն ալիք բարձրացրեց Բունդեսթագի ներսում ընդդեմ Թուրքիայի։

 

Հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերմանիայում քննարկվում է դպրոցների կրթական ծրագրում Հայոց ցեղասպանության թեման ներառելու հարցը: