Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը մեծ է համարում հավանականությունը, որ Հունաստանի խորհրդարանը կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

 

Լրագրողների հետ հանդիպմանը Ախոյանը նկատեց, որ եվրոպական երկրների կողմից նման օրենքների ընդունումը (Հայոց ցեղասպանության ժխտումը պատժող օրենքներ գործում են նաև Շվեյցար իայում եւ Սլովակիայում-հեղ.), իհարկե, դրական փաստ է, սակայն այդ քայլերը միայն բարոյահոգեբանական ազդեցություն են ունենում և գործնական օգուտ գրեթե չեն տալիս:

 

«Պետք է փոխել ռազմավարությունը: Մենք պետք է դառնանք պահանջատեր, քանի որ զոհի կարգավիճակով ոչնչի չենք հասնի։ Պետք է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարոյահոգեբանական դաշտից տեղափոխել իրավական դաշտ։ Որպես հայրենազրկված և ունեզրկված ազգի ժառանգորդներ՝ մենք պետք է ազգովի պահանջագիր ներկայացնենք Թուրքիային և, իհարկե, մոտավորապես իմանալով, թե ինչ պատասխան կտան նրանք, ուղղակի դա տական պրոցեսներ սկսենք Թուրքիայում, այնուհետև՝ Եվրոպական դատարանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ախոյանը։

 

Պատգամավորը նշեց, որ Թուրքիայում կան 2-4 միլիոն մահմեդականացված հայեր և, ըստ բանախոսի, պետք է նրանց մեջ արթնացնել հայկական ինքնության փաստը, քանի որ առանց այդ պլատֆորմի օգնության շատ դժվար կլինի ստանալ որևէ փոխհատուցում։ «Կան որոշակի ծրագրեր, որոնց մասին հրապարակավ չեն խոսում, բայց իմացեք, որ որոշակի աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են»,- հավելեց Ախոյանը։

 

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը կկայանա այսօր սեպտեմբերի 9-ին, Հունաստանի ժամանակով 19:00-ին: «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը։