Եվրոխորհրդարանի բանաձեւի կարեւորությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ այս գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հանդես եկավ որպես սուբյեկտ: ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հիշում է, որ 1987 թվականին Եվրոխորհրդարանի ընդունած բանաձեւն առավելապես նպատակ ուներ Թուրքիային ետ պահել Եվրոմիությունից, մինչդեռ այս բանաձեւում դրույթներն ավելի համապարփակ են ներկայացված:
«Բանաձեւում կան լավ շեշտադրումներ, եւ այս կետի վրա պետք չէ կանգնել, պետք է շարունակել, քանի որ սա մեզ համար պատեհ առիթ է'հնարավորինս լավ ներկայացնելու 100-րդ տարելիցը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արզումանյանը' հավելելով, որ բանաձեւը նաեւ Հայաստանի դիվանագիտական խողովակների ակտիվ աշխատանքի եւ լոբբիստական կազմակերպությունների հորդորների արդյունքն է:
Թե՛ բանաձեւի, թե՛ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթի առնչությամբ Թուրքիայի արձագանքը Արզումանյանն անվանում է ոչ ադեկվատ: Էրդողանի հայտարարություններն ու մեղադրանքները պատգամավորին ոչ միայն զարմացրել են, այլեւ ստիպել մտածելու, թե ինչ շրջապատում է մեծացել Թուրքիայի նախագահն ու ինչ կրթություն է ստացել:
«Թուրքիան ոչ թե ագրեսիվ, այլ ոչ ադեկվատ, անհասկանալի դիրքորոշում է բռնել, և սա ձանձրացնում է միջազգային հանրությանը: Թուրքիան չի համակերպվում մտքի հետ, որ այլևս տարածաշրջանում առաջատարը չէ: Հռոմի պապին մեղադրել կեղծարարության, ստի մեջ և սպառնալ՝ դրանք անհեթեթության հերթական դրսևորումներ են»,- ասաց Արզումանյանը' չբացառելով, որ անհեթեթ դրսեւորումները կշարունակվեն, ինչը կհանգեցնի համապատասխան արձագանքի միջազգային հանրության կողմից:
Արզումանյանի գնահատմամբ, ապրիլի 24-ով Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը չի վերջանալու, եւ գալու է այն պահը, երբ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմության հետ:
«Կասկած չունեմ, որ Թուրքիան վերանայելու է իր դիրքորոշումները: Աշխարհն է փոխվում, մտածելակերպն է փոխվում, եւ գալու է այն պահը, երբ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմության հետ եւ նստելու բանակցությունների սեղանի շուրջ »,- եզրափակեց Արզումանյանը: