Պաշտոնական Անկարան պատմությունը կեղծելու իր գործին պաշտոնապես ներառում է նաև «կրտսեր եղբորը»' Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք «միասին են պայքարելու Հայոց ցեղասպանության դեմ»:

 

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կկենտրոնացնեն իրենց ջանքերը Հայոց ցեղասպանության մասին «իրականության բացահայտման» համար: «Մեր հասարակական, ինչպես նաև սփյուռքի կազմակերպությունները կգործեն միասին»,- հայտարարել է Ալիևը:

 

Իր հերթին Էրդողանը, անդրադառնալով հանդիպմանը և դրա ժամանակ քննարկված թեմաներին, տեղեկացրել է, որ երկու երկրների համագործակցության օրակարգային հարցը շարունակում է մնալ ԼՂ հակամարտությունը: «Մենք քննարկել ենք այս ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը»,- հայտարարել է Էրդողանը:

 

Ավելի վաղ նա անդրադարձել էր նաև հայ-թուրքական հարաբերություններին, դրանց կարգավորումը հերթական անգամ պայմանավորելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: