Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բեռինյան երեկոն փետրվարի 26-ին համախմբել էր գերմանացի պատգավորների, հասարակական, քաղաքական գործիչների, ՀՀ դեսպանատան, հայկական համայնքների ներկայացուցիչների եւ առհասաակ թեմայով հետաքրքրված անձանց: Գերմանիայում ՀՀ դեսպանատան, Բեռլինի հայկական համայնքի եւ «Genozid 1915» նախաձեռնության կողմից Բեռլինի պատգամավորների պալատում (Բեռլին երկրամասի խորհրդարան) հրավիրված հուշ-երեկոյի ընթացքում ներկայացվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող մանրամասներ, տրվեցին պատմանական եւ քաղաքական գնահատականներ, խոսվեց հայերի ոչնչացման ծրագրում Գերմանական կայսրության դերի եւ Բեռլինի ներկայիս դիրքորոշման մասին:
Բեռլինի հայկական համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանակը ներկայացրեց, որ Թուրքիան մինչ օրս ժխտողական քաղաքականություն է վարում, ավելին՝ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի կառավարությունը ծրագրել է նշել Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակը:
Հայկական համայնքի ներկայացուցիչը հավատացած է, որ Գերմանիան՝ իբրեւ Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, այնպիսի պատասխանատվություն է կրում, ինչպիսին չի կրում եւ ոչ մի ուրիշ երկիր: «Ասում են՝ խորհրդարաննները պատմական հարցերի քննարկման վայր չեն. այս հարցը պատմականից արդեն անցել է քաղաքական ոլորտ, խոսքն արդեն քաղաքական հերքման մասին է, որին պետք է տրվի քաղաքական պատասխան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Ալյանակը' այդուհանդերձ, հույս հայտնելով, որ Բունդեսթագը հստակ դիրքորոշում կորդեգրի հարցի կապակցությամբ:
Գերմանիայի արխիվները բաց են
Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանն իր ելույթում ընդգծեց, որ հայերի ցեղասպանությունն իրեն քաղաքակիրթ համարող մարդկության խայտառակությունն է եւ հայ ժողովրդի մեծագույն ցավը. «Ցեղասպանության հիշողության դեպքում խոսքն անձնական մեղադրանքի, վրեժի կամ փոխհատուցման պահանջների մասին չէ, խոսքը այսօրվա թուրքերի մեղքի մասին էլ չէ: Խոսքը հիշելու, հիշողությունը վառ պահելու մասին է, խոսքը նրա մասին է, որ մինչ օրս շարունակվող Ցեղասպանության ժխտմանը վերջապես վերջ տրվի, խոսքը կատարվածի իրավական ճանաչման մասին է, այն ամենի, ինչ եղել է՝ ցեղասպանության: Խոսքը նրա մասին է, որ Հայոց ցեղասպանության զոհերն արդարություն գտնեն, նրանց հանդեպ արժանի հուշ պահպանվի եւ նրանց սերունդներին խաղաղ ապագա երաշխավորվի»:
Բեռլինի պառլամենտի նախագահ Ռալֆ Վիլանդը (սոցիալ-դեմոկրատ) նշեց, որ հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Նա չմոռացավ նաեւ զոհ գնացած մյուս էթնիկ փոքրամասնություններին եւ կարեւորեց, որ Թուրքիայի քննադատ քաղաքացիական հասարակությունն այս խնդրի լուսաբանման հարցում օժանդակություն գտնի: Գերմանացի պատգամավորը հիշատակեց, որ աշխարհի շատ խորհրդարաններ հայերի սպանդը ճանաչել են որպես ցեղասպանություն:
Նա հիշեցրեց, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության արխիվները բաց են հետազոտությունների համար, բացի այդ՝ հաշտեցմանն ու թեմայի լուսաբանմանն ուղղված գերմանական նախաձեռնություններ կան, իսկ բեռլինյան տարին, ըստ նրա, հագեցած է լինելու թեմային վերաբերող մի շարք միջոցառումներով:
Բունդեսթագի որոշման մեջ պակասում է Ցեղասպանություն բառը
«Մոզես Մենդելսոն» կետրոնի (Փոցդամի համալսարանի հրեագիտության գիտահետազոտական կենտրոն) տնօրեն դոկտոր-պրոֆեսոր Յուլիուս Շյոփսը, խոսելով Գերմանայի դերակատարման մասին, փաստեց, որ Գերմանական կայսրությունը, եթե ցանկանար, եթե լսեր զգուշացնող ձայնը, ապա կարող էր դադարեցնել հայերի սպանդը. «Մինչ օրս վիճելի է՝ արդյոք գերմանացի զինվորականները մասնակցե՞լ են ջարդերի պլանավորմանը»: Խոսելով գերմանական նախաձեռնություններից՝ գիտնականը հիշատակեց, մասնավորապես, Բեռլինում ներկայացված թուրք ռեժիսոր Ֆաթի Աքինի «Սպի» (The Cut) ֆիլմը, նույն քաղաքում Ռոլֆ Հոզֆելդի՝ «Մահ անապատում: Հայերի ցեղասպանությունը» գրքի հրատարակումը. «Գերմանիայում տեղի ունեցող այս զարգացումները ոգեւորող օրինակներ են»,-նկատեց նա:
Շյոփսի համար, այդուհաներձ, ցավալի է, որ Գերմանային մինչ օրս դժվարություն է պատճառում դեպքերն իրական անունով կոչելը, իսկ 2005-ի Բունդեսթագի որոշման մեջ պակասում է «ցեղասպանություն» բառը:
Նա հիշեցրեց, որ Բունդեսթագի ձախերի կուսակցության ներկայացուցիչների հարցմանն ի պատասխան՝ դաշնային կառավարությունը հայտնել է, որ այս պահի դրությամբ կառավարությունը 1915 թվականին նվիրված հիշատակի միջոցառում չի պլանավորել:
«Մոզես Մենդելսոն» կետրոնի տնօրենն անհրաժեշտություն է տեսնում, որ Գերմանիան հստակ դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում: