Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle լրատվականի թուրքական ծառայությանը' անդրադառնալով կատարվածում Գերմանիայի ունեցած դերին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Այըքը նշել է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան Օսմանյան կայսրության ամենամերձավոր դաշնակիցն էր և իր բաժինն ունի հայերի դեմ իրականացված ցեղասպանության մեջ, հետևաբար իրենք ներողություն են ակնկալում գերմանական կողմից:

 

 

Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահը շեշտել է, որ գերմանացիներն էլ կատարվածում ունեն պատասխանատվության իրենց բաժինը: Երկրորդական կարևորություն տալով այն հանգամանքին, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը մինչ օրս 1915 թվականի դեպքերը չի անվանում «ցեղասպանություն» եզրույթով, նա ընդգծել է. «Բավարար կլինի, որ ներողություն խնդրեն»: Այըքը հավելել է նաև, որ իրենք մեծ գոհունակությամբ կընդունեն այն փաստը, եթե գերմանական կառավարությունը որոշակի ֆինանսական օգնություն տրամադրի եկեղեցուն, քանի որ դրա վ երանորոգման ժամանակ հիմնադրամը ստիպված է եղել պարտոքվ 200 հազար եվրո գումար վերցնել:

 

 

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին, 32 տարվա ընդմիջումից հետո, այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի ունեցավ նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915-ին' ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավերել էին այն: Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչև 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին' 97 տարի անց են կրկին ղողանջել: