Հայաստան ժամանած՝ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից, ֆրանսիացի պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերն այցելել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել են Եղեռնը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը գրառում է կատարել հուշամատյանում: