Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին եւ վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։
Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը նշել է. «Ինձ համար պատիվ էր այցելել այս մեծ երկիրը, ճանաչել մի հերոսական ժողովրդի, որը մեծ հարգանք է վայելում աշխարհում։ Ես արդեն սիրում եմ Հայաստանը»։
Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն նշել է. «Մեր համակրանքն ու համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»։
«Ատելությունը ձախողման ճանապարհն է»,- նշել է Կառլոս Էռնանդես Միրոն եւ հավելել, որ մարդկությունն աջակցում եւ մեծարում է հայ ժողովրդին։