Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընտրությունների առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած, «Առաջ» շարժման առաջնորդ, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը Փարիզում այցելել է Կանադայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մակրոնին ուղեկցել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը:
Մակրոնը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության հիշատակման ավանդույթը և հավելել, որ պետք է շարունակի աշխատել Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ:
Սպասվում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Կոմիտասի հուշարձանին կայցելի նաև Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը: Միջոցառումը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30-ին: