Գերմանական Der Spiegel պարբերականի ֆոտոթղթակից Էնդի Շփիրան, ով ցանկացել է այցելել Թուրքիա Հայոց ցեղասպանության թեմայով լրատվություն պատրաստելու նպատակով, չի կարողացել մտնել երկրի տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

 

 

Աթաթուրքի օդանավակայան մարտի 28-ին ժամանած ֆոտոլրագրողին թույլ չեն տվել մուտք գործել երկրի տարածք: Թուրքական կողմն իր որոշումը պայմանավորել է նրանով, թե իբր վերջինս իսլամիստական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամ է:

 

 

Շփիրան նշել է, որ նախկինում մի քանի անգամ այցելել է Թուրքիա, սակայն որևէ խնդիր չի ունեցել այստեղ: Ֆոտոթղթակիցը նշել է, որ նախկինում ևս Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն պատրաստել է, և հավանական է, որ թուրքական իշխանությունները դրան բացասական են վերաբերվել: