Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրի համար կարևորագույն մի խնդիր է, որին հետամուտ լինելը նա իր պարտքն է համարում մոր հիշատակի առջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կոնգրեսականը պատմել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում:
-Կոնգրեսական, կարո՞ղ եմ ձեզ Կանչելյան-Սպիր դիմել:
-Այո՛, խնդրում եմ հենց այդպես էլ դիմեք:
-Կոնգրեսական Կանչելյան-Սպիր, դուք ԱՄՆ-ի Կոնգրեսի այն եզակի անդամներից եք, ով ունի հայկական ծագում: Այդ փաստը դնո՞ւմ է ձեզ վրա որևէ հավելյալ պատասխանատվություն։
-Մայրս ազգությամբ հայ էր, նա կյանքից հեռացավ 94 տարեկանում, սակայն դեռ վաղ տարիներից նա ինձ պատմում էր Հայոց ցեղասպանության մասին և ամբողջ կյանքիս ընթացքում իմ նախնիներից փոխանցված այս հիշողությունը հետևել է ինձ։ Ցավով եմ նշում՝ մեր երկիրը դեռ չի ճանաչել 20-րդ դարի այս առաջին ցեղասպանությունը։ Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարևորագույն մի խնդիր է, որին հետամուտ լինելը իմ պարտքն է մորս առջև։
-ԱՄՆ-ի նախագահական պատվիրակության կազմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարեդարձի միջոցառումներին դուք Հայաստանում էիք: Տպավորություններն ինչպիսի՞ն էին այդ այցից:
-Իմ հարգարժան գործընկեր, ամերիկահայ մեկ այլ կոնգրեսական Աննա Էշուի հետ ես նախագահական պատվիրակության կազմում Միացյալ Նահանգներ էի ներկայացնում Հայաստանում: Հայոց ցեղասպանության խնդիրը դա մի հարց է, որին մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում և ես ինձ խորապես վիրավորված եմ զգում, որ իմ երկիրը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը։ ԱՄՆ-ը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե՛ ամերիկահայ համայնքի և թե՛ իր իսկ արժեքներին չդավաճանելու համար։
-Դուք նաև հատուկ նամակ եք պատրաստել և լուրջ աշխատանք եք կատարում Թուրքիայի տարածքում հայկական ժառանգության, հայկական եկեղեցիների պահպանման համար: Այդ հարցում դեռ վտանգներն առկա՞ են:
-Թե՛ Թուրքիայի տարածքում և թե՛ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ժառանգությունը լուրջ վտանգի տակ է, մենք չենք կարող չբարձրաձայնել այս խնդիրը։
-Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության վերաբերյալ. մարդասիրական օգնություն տրամադրելու փոխարեն ժամանակը չէ՞, որ Միացյալ Նահանգներն օգնի Հայաստանին զարգանալ տնտեսապես:
-Երկուսն էլ պետք է շարունակվի: Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը վերջին 5 տարիների ընթացքում կիսով չափ կրճատվել է, 44 միլիոն դոլարից հասնելով 20 միլիոնի։ Այսպիսով Հայաստանին հատկացվող օգնությունը կրճատվել է, իսկ այլ երկրներին հատկացվող օգնությունը մեծապես աճել է: Կարծում եմ՝ Հայաստանին հատկացվող օգնությունը կարևոր է. Հայաստանը շրջափակման մեջ է, մենք հասկանում ենք, որ Հայաստանն ամուր հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, սակայն Միացյալ Նահանգները ևս պետք է սերտ հարաբերություններ պահպանի Հայաստանի հետ։
-Ինչպիսի՞ն եք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան և դրա խորացման ի՞նչ նոր հնարավորություններ կան:
-Կարծում եմ՝ ամերիկահայ համայնքը կարևոր դեր ունի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրացման մեջ և Հայաստանից դուրս բնակվող հսկայական հայ համայնքը իրոք պատրաստ է օգնել Հայաստանին: Այս օգնությունը պետք է արտացոլվի նաև մեր օրենսդրական գործունեության մեջ։ Կարծում եմ, Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ թե՛ ԱՄՆ-Ռուսաստան և թե՛ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մեջ։ Միացյալ Նահանգները ռազմակայան ունի Թուրքիայում և անշուշտ չի ցանկանում որևէ կերպ վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն կարծում եմ, որ Ցեղասպանության ճանաչման միջոցով ԱՄՆ-ը պետք է առաջին հերթին պաշտպանի իր մարդասիրական սկզբունքները։ Միայն այդպես հնարավոր կլինի նպաստել նաև հայ թուրքական հարաբերությունների զարգացմանը։