Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները դրական են, սակայն անհրաժեշտ են ջանքեր երկկողմ համագործակցության զարգացման համար: Այժմ երկու երկրները համագործակցում են գյուղատնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտում: Երկու երկրների պաշտոնատար անձինք քննարկում են առանց վիզայի ռեժիմի պայմանագրի ստորագրումը, ինչը նույնպես խթան կհանդիսանա համագործակցության եւ հարաբերությունների զարգացման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մեյրոմը նշեց, որ կա համագործակցությունը զարգացնելու երկկողմ հետաքրքրվածություն եւ ցանկություն:
Անդրադառնալով փաստին, որ Իսրայելի նոր նախագահ Ռեուվեն Ռիվլինը Իսրայելի խորհրդարանում' Քնեսեթում բազիցս հայտարարել է, որ հրեա ժողովուրդը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դեսպանն ասաց, որ Ռիվլինի հայտարարությունն այն մասին էր, որ բոլոր ժողովուրդները պետք է ճանաչեն այն: «Բացի այդ, հայտարարությունը կատարվել է նախքան նրա նախագահ ընտրվելը: Մյուս կողմից, ուզում եմ հիշեցնել, որ Իսրայելում նախագահը որոշումներ չի կայացնում, պաշտոնն ավելի արարողակարգային է, քանի որ բոլոր որոշումները կայացնում է խորհրդարանը»,- ասաց դեսպանը' հավելելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ամեն տարի դրվում է Քնեսեթի օրակարգում: Այս տարի այն գտնվում է Քնեսեթի կրթության եւ գիտության հանձնաժողովում, եւ քննարկումները լինելու են բաց: Ինչ վերաբերում է ցեղասպանություն ապրած հրեա ժողովրդի տեսակետին, դեսպանը նշեց, որ հրեա ժողվուրդը զգայուն է Հայոց ցեղասպանության հարցում: «Ցավոք, Ցեղասպանության ճանաչման հարցն իր մակարդակը փոխել է եւ վերածվել է քաղաքական խնդրի: Մենք կարող ենք միայն ակնկալել, որ Հայաստանն ու Թուրքիան խնդրի լուծման համար երկխոսություն կսկսեն եւ կգտնեն հարցի լուծման բանաձեւը», եզրափակեց դեսպանը:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Արևմուտքի քննադատությանը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում' Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: