Իսրայելում Ռեուվեն Ռիվլինի նախագահ ընտրվելու կապակցությամբ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն ու հատկապես ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամները ստացել են բազմաթիվ շնորհավորանքներ: Պառճառն այն է, որ Ռիվլինը համարվում է իսրայելահայերի բարեկամն ու ամենատարբեր ամբիոններում բազմիցս կոչ է արել, որ ցեղասպանություն տեսած հրեաները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը նշում է, որ համայնքի եւ հատկապես Հայ դատի գրասենյակի հետ բարեկամությունը ձգվում է ավելի քան մեկ տասնամյակ:

 

«Հայ համայնքում բոլորը երջանիկ են, որ Ռիվլինն է ընտրվել նախագահ: Նա աչքի է ընկնում հումանիստական, քաղաքակրթական արժեքներով: Նա մի քանի անգամ Քնեսեթում ելույթի ժամանակ ասել է' ամոթ է, որ ցեղասպանություն ապրած հրեա ժողովուրդը չի ճանաչում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այժմ մենք լիահույս ենք, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր փուլ կմեկնարկի, որը կավարտվի պատմական արդարության հանդեպ հաղթանակով: Եվ պատճառն այստեղ ոչ թե այն է, որ Ռեուվեն Ռիվլինը հայամետ է, ոչ, նա քաղաքակիրթ, հումանիստ եւ մարդկային բարձր արժեք ներ կրող անձնավորություն է»,-ասաց Ժորժետա Ավագյանը:

 

Նա շեշտեց, որ հրեա ժողովուրդը նույնպես երջանիկ է եւ շատ գոհ, որ 7 տարի Ռիվլինն է գլխավորելու իրենց երկիրը:

 

Ժորժետա Ավագյանը նշում է, որ Հայ դատի ներկայացուցիչները մտադիր են հանդիպել Ռեուվեն Ռիվլինին: «Մեզ համար շատ անսովոր է, որ պետք է նամակ գրենք Ռիվլինին' շնորհավորենք եւ հանդիպման համար պայմանավորվենք: Սակայն, կարգն է այդպես: Մեր ընկերը լինելուն զուգահեռ նա նաեւ նախագահ է եւ պետք է պահպանել պաշտոնական արարողակարգը: Հանդիպման ժամանակ էլ կպայմանավորվենք հետագա անելիքների եւ ծրագրերի մասին»,-ասաց Ժորժետա Ավագյանը' հավելելով, որ վստահ են, որ հիասթափություն չեն ապրի եւ Իսրայելի նորանշանակ նախագահը կպահի խոստումը:

 

Ժորժետա Ավագյանը հույս հայտնեց, որ 2015թ. ապրիլի 24-ին Ռեուվեն Ռիվլինը Հայաստանի նախագահի հրավերով կգա Հայաստան եւ կմասնակցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվելիք ոգեկոչման արարողությանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ նոր նախագահի նշանակմամբ Հայաստան-Իսրայել հարաբերությունները կլինեն ավելի բարձր մակարդակի վրա:

 

Հունիսի 11-ին Իսրայելի Կնեսետը երկրի նախագահ Է ընտրել խորհրդարանի նախկին խոսնակ, հինգ թեկնածուներից աջ ճամբարի միակ ներկայացուցիչ Ռեուվեն Ռիվլինին, որը կփոխարինի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսին: Ընտրությունների երկրորդ փուլում «Լիկուդ» իշխող կուսակցությունը ներկայացնող 74-ամյա Ռիվլինին աջակցել են ներկա գտնվող 119 խորհրդարանականներից 63-ը: Պետության ղեկավարն ընտրվում Է խորհրդարանի գաղտնի քվեարկությամբ: Հաղթելու համար նախագահի թեկնածուին պահանջվում Է ապահովել 120 խորհրդարանականներից 61-ի աջակցությունը: Իսրա յելում, որը խորհրդարանական հանրապետություն Է, պետության ղեկավարն օժտված Է հիմնականում ներկայացուցչական գործառույթներով: Իրական իշխանությունը կենտրոնացած Է վարչապետի ձեռքում: