Կահիրեի նշանավոր «Այն Շամս» համալսարանում կայացել է «Թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. 1915-2015թթ.» խորագրով գիտաժողով։ Այն նախաձեռնել էր նույն համալսարանի Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնը' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Եգիպտոսի հանձնախմբի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բացման խոսքով ելույթ են ունեցել «Այն Շամս» համալսարանի նախագահ Հուսեյն Իսան, Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գամալ Շակրան, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը։
Դեսպան Մելքոնյանն իր խոսքում քննադատել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի իշխանությունների վարած ժխտողականության քաղաքականությունը' նշելով մարդկության դեմ իրականացված այդ հանցագործության հետևանքների վերացման անհրաժեշտությունը։ «Թուրքական իշխանությունները, արդարացնելով այդ հանցագործությունը, վտանգավոր նախադեպ են ստեղծում նոր ցեղասպանությունների իրագործման համար», – նշել է դեսպան Մելքոնյանը:
Նա ընդգծել է Հայաստանի հանձնառությունը' շարունակելու պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար։ Այնուհետև դեսպանը հայ ժողովրդի խորին երախտագիտությունն է փոխանցել բարեկամ եգիպտացի ժողովրդին' Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի ապաստան տրամադրելու, նրանց ազգային ինքնության պահպանման և եգիպտական հասարակության լիարժեք անդամներ դառնալու համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար։
Համալսարանի նախագահ Հուսեյն Իսան իր ելույթում զուգահեռներ է անցկացրել Հայոց ցեղասպանության և ներկայումս տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող ոճրագործությունների միջև' պատմության' ինքն իրեն կրկնումը բացատրելով նրանով, որ ժամանակին Հայոց ցեղասպանությունը չի ստացել արդարացի գնահատական։ Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գամալ Շակրան իր հերթին շեշտել է, որ հսկայական քանակությամբ փաստերի առկայության պարագայում հերքել Հայոց ցեղասպանության փաստն անընդունելի է։
Համակարգող հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը և անդրադարձել 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում սպասվող միջոցառումներին։
Հիմնական զեկուցողները բացառապես եգիպտացի ճանաչված գիտնականներ և պրոֆեսորներ են եղել, այդ թվում' Դամանհուրի համալսարանի պրոֆեսոր, ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ ալ–Իմամը, միջազգային իրավունքի մասնագետ, հրապարակախոս Այման Սալաման, Նասերի անվան ռազմական բարձրագույն ակադեմիայի պրոֆեսոր, գեներալ Մահմուդ Խալաֆը, Ազգային գրադարանի և փաստաթղթերի կառավարման խորհրդի նախագահ, գրող և հրապարակախոս Հիլմի ան-Նամնամը, հեռուստալրագրող, հրապարակախոս Նաշաթ ադ-Դայհին և այլք։ Նրանց զեկուցումները շոշափել են Հայոց ցեղասպանության փաստերին, նրա իրավական հետևանքներին, հատուցման հնարավոր մեխանիզմներին, թուրքական իշխանությունների պատասխանատվությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Գիտաժողովի ընթացքում ցուցադրվել է «Բալիսթա» բրիտանական ֆիլմարտադրող ընկերության կողմից նկարահանված «Կապույտ գիրքը. Հայոց ցեղասպանության վկայությունը» վավերագրական ֆիլմը։ Գիտաժողովի աշխատանքները լայնորեն լուսաբանվել են եգիպտական մի շարք առաջատար հեռուստակայանների և պարբերականների կողմից։