Բարոնուհի Քերոլայն Քոքսն ամաչում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռևս չի ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումի ընթացքում ունեցած ելույթում Քերոլայն Քոքսը հայտարարեց, որ ամաչում է, որ ներկայացնում է Միացյալ Թագավորության խորհրդարանը, որի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Սակայն ցանկանում եմ ուրախությամբ ընդգծել, որ Մեծ Բրիտանիայի մաս կազմող Ուելսը և Շոտլանդիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ես կարծում եմ, որ ամոթ է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մինչ օրս չի ընդունում Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Քոքսը:

 

Բարոնուհին նշեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը խրախուսում է նոր ցեղասպանություններ իրականացնելու ցանկությամբ տոգորվածներին: «Ժամանակին Հիտլերն էր վստահեցնում, որ հայերի կոտորածների մասին ոչ ոք չի հիշում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ հայերի Ցեղասպանության մասին շատ լավ հիշում են: Մենք կոչ ենք անում բոլորին, ովքեր տոգորված են արդարությամբ, հիշել Հայոց ցեղասպանության զոհերին, հարգել նրանց հիշատակը և իրենց ձայնը բարձրացնել: Ես խոնարհվում եմ Հռոմի պապի առջև, ով Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ և ընդգծեց, որ ժխտելով Հայոց ցեղասպանությունը, մենք թողնում ենք, որպեսզի բաց վերքն արյունահոսի»,- նշեց Քոքսը՝ ընդգծելով, որ խորհրդարանականները պետք է ակտիվ պայքար մղեն ժխտողականության դեմ՝ հետագա ցեղասպանությունները կանխելու համար:

 

Քոքսը նաև շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ընդունումը պատմական այս ժամանակահատվածում շահավետ է Թուրքիայի համար: Նա նշեց, որ մի քանի տարի առաջ եղել է Թուրքիայում և շատ թուրքեր էլ ցանկություն են հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Նրա գնահատմամբ՝ հարկավոր է հարգել և հիշել նաև այն թուրքերին, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին օգնել են տառապանքների մեջ գտնվող հայերին և նրանց, ովքեր այսօր էլ համարձակվում են հայտարարել, որ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը ցեղասպանություն է, որը պետք է ճանաչվի և դատապարտվի: