Թուրքական կառավարության ժխտողական քաղաքականության շարունակականությունը կարող է վտանգավոր լինել Թուրքիայի համար այնքան, որքան այն վրդáվվեցնող է Հայոց ցեղասպանության նահատակների ժառանգների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' բրիտանական հայտնի The Independent-ո ւմ հրապարակված հոդվածում նման կարծիք է հայտնում Ռոբերտ Ֆիսկը: Հեղինակը երկու կարևոր միտք է առաջ քաշում. առաջինը' Հայոց ցեղասպանության իրականության ժխտումը մոտ է քրեորեն դատապարտելի ստի, և երկրորդը' ինչ են ծրագրում անել հայերը ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո:
Ապրիլի 24-ին' ժամը 19:00-ին, մի խումբ խիզախ հայ և թուրք տղամարդիկ ու կանայք կհավաքվեն Թաքսիմ հրապարակում' Ստամբուլի կենտրոնում, մասնակցելու աննախադեպ և հուզիչ մի արարողության: Նրանք կհավաքվեն հիշատակելու 1915 թվականին օսմանյան թուրքերի կողմից կոտորված 1.5 մլն քրիստոնյա հայ տղմարդկանց, կանանց և երեխաների հիշատակը: Թաքսիմ հրապարակում կայանալիք ակցիայից հետո' նույն օրը, Ստամբուլից մի քանի մղոն հեռավորության վրա արևմտյան որոշ առաջնորդներ կմիանան թուրք առաջնորդներին' հարգանքի տուրք մատուցելու Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակին, և դաշնակիցների նկատմամբ Մուսթաֆա Քեմալի տարած հաղթանակին: «Նրանցից քանի՞սը կհիշեն, որ Թուրքիայի համար Գալիպոլիում կռվող թուրք հերոսների կողքին կար Թորոսյան անունով մի հայազգի կապիտան, ում քույրը քիչ հետո պիտի սպանվեր ցեղասպանության ժամանակ»,- հարցադրում է կատարում Ռոբերտ Ֆիսկը:
Թուրքական կառավարությունը, թեև ոչ բոլոր թուրքերը, շարունակում է հետևել ժխտողականության իր նեղացկոտ և երեխայական վարքագծին' հիմնավորելով, որ հայերի սպանությունը նախապես ծրագրված չի եղել և որ «ցեղասպանություն» բառը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հետևաբար չի կարող վերագրվել 1915 թվականի դեպքերին: «Այդ նույն տրամաբանությամբ' Առաջին համաշխարհային պատերազմը չի եղել առաջին համաշխարհային պատերազմ, քանի որ այն ժամանակ այն այդպես չի կոչվել»,- գրում է հեղինակը:
Ֆիսկը նկատում է, որ վերջին տարիներին 100 հազարից ավելի թուրքեր են պարզել իրենց հայկական ծագման մասին: Այն մասին, որ իրենց տատերը կամ տատերի մայրերը հայ են եղել: Կանայք, որ առևանգվել, ստրկացվել, բռնաբարվել կամ մահվան երթի են ուղարկվել Անատոլիայից դեպի Սիրիայի հյուսիսային անապատներ: Թուրք պատմաբաններն իրենք այսօր մանրամասն վավերագրական ապացույցներ են ներկայացնում բնաջնջման մասին Թալեաթ Փաշայի հայտարարություններից:
«Այնուամենայինվ, եթե որևէ մեկը հակառակվում է կառավարության ժխտողականությանը վատաբանվում է Թուրքիայում: Մոտ քառորդ դար ես նամակներ եմ ստացել թուրքերից ցեղասպանության մասին իմ գրառումների համար: Դա սկսվեց, երբ ես Սիրիայի անապատներում պեղեցի և իմ ձեռքով 1992 թվականին հանեցի սպանված հայերի ոսկորները և գանգերը: Քիչ նամակագիրներ էին ցանկանում իրենց աջակցությունը հայտնել»,-գրում է բրիտանացի լրագրողը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ հայկական դիրքորոշմանը' հեղինակը նշում է, որ իրեն առավել հետաքրքրում է, թե ինչ են ծրագրում անել հայերը ցեղասպանության 100-րդ տարելիցի հաջորդ օրը: «Հայ վերապրածները, նրանք ովքեր կարող են որևէ բան հիշել ցեղասպանությունից, բոլորը մահացել են: 30 տարի անց, աշխարհի հրեաները նույն տխուր իրականությանն են բախվելու, քանզի նրանց վերջին վերապրածները' կատարվածի կենդանի վկաները, կհեռանան այս աշխարհից»,- նշում է նա: Ֆիսկն առաջարկում է կազմել ցեղասպանության տարիներին հայերին փրկած քաջ թուրքերի ցուցակ և դա ներկայացնել Թուրքիայի նախագահին: «Անցած տարի Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ցավակցությունն է հայտնել հայերին: Կհանդգնի՞ նա հրաժարվել ստորագրել Հայոց ցեղասպանության մասին գիրքը, որում նշված են իրենց ազգի պատիվը փրկել փորձած խիզախ թուրքերի անունները»,- գրում է հոդվածի հեղինակը: