Ապրիլի 24-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, կայացավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների և Շվեդիայում Հայաստանի դեսպանության կողմից։
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Շվեդիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը, Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բյորն Սյոդերը, բարեկամության խմբի անդամ Արին Կարապետը։
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը շվեդների աչքերով» գրքի հեղինակ, դոցենտ Գյորան Գյունները և շվեդ լրագրող, 44-օրյա պատերազմին նվիրված «Ես դանդաղ մեռնում եմ ամեն օր» գրքի հեղինակ Ռասմուս Քանբեկը։
Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակը։ Դեսպան Աղաջանյանն իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության ժխտման և ընդհանուր անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների, իսկ մեր պարագայում՝ 2020թ․ Արցախյան երկրորդ պատերազմին, Արցախի/Լեռնային Ղարաբաղի տևական շրջափակմանը, և ի վերջո՝ 2023թ․ սեպտեմբերյան ագրեսիային ու ավելի քան 100.000 արցախահայության էթնիկ զտմանը։
Հայ ժողովրդին իր սեփական բնօրրանում ապրելու, արարելու, ինքնությունից զրկելու և արմատախիլ անելու ձգտման գիտակցումն այսօր մեզ պետք է առաջ մղի էլ՛ ավելի արժևորելու հայ ազգի և հայոց պետականության գոյությունն ու առավել մեծ պատասխանատվությամբ մոտենալու ապագայի կերտմանը։
Միջոցառմանը, որին մասնակցում էին Շվեդիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հայկական երաժշտական կատարումներով հանդես եկավ Վանինի Բիլեմջիանը: