Հինգշաբթի Կիպրոսի ժամանակով ժամը 11-ին Կիպրոսի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Կիպրոսի իր հավաստի աղբյուրները, օրինագիծը պատիժ է նախատեսում այն անձանց համար, ովքեր կժխտեն ցեղասպանությունները, պատերազմական ժամանակաշրջանում և մարդկության դեմ հանցագործությունները: Օրինագիծը, որ խորհրդարան է ներկայացրել կիպրահայ համայնքի ներկայացուցիչը, քրեական պատասխանատվություն է պահանջում կատարված բոլոր ցեղասպանությունների ժխտման ժամանակ:

 

 

Աթենքում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի փոխանցմամբ, Կիպրոսի խորհրդարանի նախագահ Յանաքիս Օմիրուն բանաձևի ջերմ զորակիցն է և բանաձևի ընդունման կարևորության մասին խոսել էր դեռևս նախորդ տարի նոյեմբերին Երևան այցելության ժամանակ:

 

 

Կիպրական cyprus-mail.com կայքը գրում է, որ մարտի 30-ին խորհրդարանում կայացել են բուռն քննարկումներ օրինագծի առնչությամբ: Խորհրդարանականների մի մասը պահանջում է, որ քրեական պատասխանատվություն պահանջվի այն ցեղասպանությունների հանդեպ, որոնք ճանաչվել են միջազգային հանրության և միջազգային դատարանի կողմից, մինչդեռ խորհրդարանի նախագահը ցանկանում է օրինագծում փոփոխություն մտցնել, որպեսզի քրեական պատասխանատվություն պահանջվի ոչ միայն միջազգային դատարանի, այլև Կիպրոսի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների նկատմամբ:

 

 

Եթե օրինագիծը ընդունվի, ապա ցեղասպանության ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ և կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով:

 

 

Եթե Կիպրոսի խորհրդարանը կողմ քվեարկի բանաձևին, ապա կդառնա Եվրոպայում 4-րդ պետությունը Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:

 

 

Կիպրոսն առաջին եվրոպական և երկրորդ պետությունն է աշխարհում Ուրուգվայից հետո, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Կիպրոսի ներկայացուցիչների պալատը 1975թ. ապրիլի 24-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևը: