Ֆրանսիայի «Հայաստան» մշակութային միությունը շարունակում է «Հայոց ցեղասխանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունել ՀԻՄԱ» խորագրով ստորագրությունների քարոզարշավը, որով կոչ է արվում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին իրականացնել իր խոստումը' Սահմանադրությանը համապատասխան ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, գրում է Nouvelles d’Armenie-ն: Վալանսի տարածաշրջանում արդեն իսկ հարյուրավոր ստորագրություններ են հավաքվել: Միջնորդագրերի հավաքման գործընթացը շարունակվում է Փարիզում, Լիոնում և Մարսելում:
Ակցիայի իրականացման գործում միությանն իրենց աջակցությունն են հայտնել նաև ֆրանսահայ այլ կազմակերպություններ: «Հայաստան» մշակութային միությունը ծրագրում է ստորագրությունների միջնորդագիրն ուղարկել Ելիսեյան պալատ' Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի օրը' ապրիլի 24-ին:
Միջնորդագրում մասնավորապես նշված է. «Պարոն նախագահ, նախորդ ապրիլի 24-ին դուք նշեցիք ձեր նախընտրական պարտավորությունը և պատրաստակամությունը' ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նախորդ տավա հուլիսի 7-ին դուք մամուլով հրապարակայնորեն նշեցիք ձեր նվիրվածությունը' Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը, բայց այսօր' Ձեր ընտրվելուց ավելի քան վեց ամիս անց, 600 հազար ֆրանսահայերը և նրանց ընկերները սպասում են ձեր առաջարկին, իսկ հայկական համայնքի ներկայացուցիչները մտահոգ են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան ֆաբիուսի' ֆրանս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ:
«Ֆրանսիան կողմ է Թուրքիայի' Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների նոր փուլի բացմանը»,- փետրվարի 12-ին Փարիզում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպմանը հայտարարել էր Լորան Ֆաբիուսը:
Ֆրանսիայի հայ համայնքն այժմ մտահոգված է դիվանագիտական նման զարգացումներով: Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին տեր կանգնել իր պարտավորությունների կատարմանը, արագորեն հանդես գալ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի առաջարկով: Ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունել հենց ՀԻՄԱ»: