Հունաստանի խորհրդարանում «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի ընդունումը, որը նախատեսում է քրեական պատիժ ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ, կարող է վնասել թուրք-հունական հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Լրատվամիջոցը նշում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր Հունաստանի վարչապետ Անդոնիս Սամարասի հետ, ինչի ժամանակ իր մտահոգություններն էր հայտնել դեռևս քննարկման մեջ գտնվող բանաձևի առնչությամբ: Էրդողանը հայտնել էր, որ բանաձևի ընդունումը կարող է բացասաբար ազդել թուրք-հունական հարաբերությունների վրա, ինչին ի պատասխան Հունաստանի վարչապետը հավաստիացրել էր, թե խոսքը գնում է «մահացածների նկատմամբ հարգանք ցուցաբերելու մասին և բանաձևը չի ա ռնչվում ժամանակակից Թուրքիայի հետ իրենց հարաբերություններին»:
Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ձայների 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:
Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է' Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: