Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջըբրան Բասիլի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքական երկխոսության մակարդակի վերաբերյալ' միևնույն ժամանակ նշելով երկկողմ համագործակցությունը նոր ոլորտներով համալրելու կարևորությունը:

 

 

Ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև խորհրդակցությունների անցկացման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

 

 

Դեսպան Քոչարյանը նախարար Ջըբրան Բասիլի խնդրանքով ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները, ինչպես նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին: Մտքեր են փոխանակվել նաև Լիբանանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: