Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետարանի հովանու ներքո և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ' մարտի 10-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարություն տեղեկատվության և հասարակայնության բաժնից, միջոցառումները մեկնարկել են լուսանկարիչ Խաժակ Օհանյանի «Հալեպ 1915…» ցուցահանդեսով:

 

 

Լիոնում «Հիշատակ և արդարություն» խորագրով ցուցահանդեսի կազմակերպիչներն են Լիոնի քաղաքային գրադարանը, «Բուլուկյան» հիմնադրամը և «Դեսինի» Հայ հուշագրության ազգային կենտրոնը:

 

 

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Լիոնի առաջին փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի' պատմական ժառանգության, հիշողության և նախկին ռազմիկների հարցերով փոխքաղաքապետ Ժան-Դոմինիկ Դյուրանը, «Բուլուկյան» հիմնադրամի նախագահ Ժան-Պիեր Կլավերանը, Հայ հուշագրության ազգային կենտրոնի նախագահ Ժուլ Մարտիրոսյանը:

 

 

Ցեղասպանությունը վերապրած իր հոր պատմությամբ ոգեշնչված լիոնահայ լուսանկարչի աշխատանքները պատկերում են Հալեպը՝ միաժամանակ ներկայացնելով տարբեր փիլիսոփաների և պատմաբանների մտքեր:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 16-ը «Բուլուկյան» հիմնադրամի սրահում: