Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության շենքի «Սանտոս» պալատի «Ֆլորենտինո» սրահում Ուրուգվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 11-ին տեղի է ունեցել իրավագետ, մարդու իրավունքների հարցերով մասնագետ Օսկար Լոպես Գոլդասարենայի «Հայկական մշակութային ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարա կայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, կրթության և մշակույթի նախարար Մարիա ԽուլիաՄունյոսը, Ուրուգվայի համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, սենատորներ Ռաֆայել Միկելինին և Ռուբեն Մարտինեսը, դեսպաններ, ակադեմիական և գիտական շրջանակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի, ուրուգվահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների հարցերով ակտիվիստներ:

 

Իր ելույթում Ուրուգվայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է մշակութային ժառանգությանը և դրա պահպանմանը' որպես ազգային ինքնության արտահայտչամիջոցի, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին, որոնք կարգավորում են այդ ոլորտը:

 

Գրքի հեղինակ, իրավագետ Օսկար Լոպես Գոլդարասենան իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմությանը, Երիտթուրքական կառավարության կողմից դրա ծրագրմանը՝ ընթերցելով և մեջբերումներ կատարելով բրիտանացի պատմաբան և մշակութաբան Առնոլդ Թոյնբիի զեկույցներից: Հեղինակը խոսել է նաև մշակութային ցեղասպանությունից՝ որպես առանձին երևույթից, անկախ այն հանգամանքից թե մշակութային ցեղասպանությունը տեղի է ունենում որևէ ազգի բնաջնջմանը զուգահեռ, թե ոչ:

 

Ըստ հեղինակի' մշակութային ցեղասպանությունը կարող է իրականացվել անկախ բնաջնջումից: Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց շարունակվում է մշակութային ցեղասպանությունը. շարունակվում են ոչնչացվել մշակութային կոթողներ և հուշարձաններ, որպեսզի վերացվի հայ ժողովրդի ներկայությունն ու հետքն այդ վայրերում:

 

Գրքի շնորհանդեսին ելույթներով են հանդես եկել նաև ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ: