Թուրքիայի ոստիկանությունն արգելել է Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման իրականացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Özgürüz լրատվականը:
Ոստիկանություը, տեսնելով հավաքվածների մոտ «ցեղասպանություն» եզրույթը պարունակող պաստառներ, երեք անձի է ձերբակալել: Իրավապահները հայտնել են, որ որոշ ժամանակ անց նրանք ազատ կարձակվեն:
Կատարվածի մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ խոսել է հայտնի թուրք փաստաբան և իրավապաշտպան Էրեն Քեսքինը, ով ևս եկել էր մասնակցելու հիշատակի արարողությանը:
«Այսօր այստեղ հայտարարություն չենք անելու, քանի որ մեր հայտարարության մեջ կան խոսքեր, որոնք արգելված են, իսկ առանց այդ խոսքերի հայտարարությունն իմաստ չունի: Այսօր այստեղ են Ֆրանսիայից եկած պաշտոնյաներ և այդ երկրի խորհրդարանի պատգամավորներ, սակայն նրանք ևս չեն խոսելու»,- ասել է Քեսքինը՝ ընդգծելով, որ երկրում խոսքի ազատության խիստ սահմանափակումների պարագայում ոչ ոք չի խոսում: