Ապրիլի 28-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին մասնակցում էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտյագոն, Սենատոր Ակլի Մելլուլին, ինչպես նաև Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդ սկաուտներ։
Արարողության մասնակիցների կողմից ծաղկեպսակներ խոնարհվեցին Աշտարակի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։
Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, ինչպես նաև Ալֆորվիլի հայկական կազմակերպությունների միացյալ կոմիտեի ներկայացուցիչները:
Ալֆորվիլի Սուրբ Մեսրոպ վարժարանի աշակերտների կողմից կատարվեցին Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը: