«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը՝ նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառումը մեկնարկվեց Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի Տերունական աղոթքով:

Միջոցառման երաժշտական մասի բացումն ազդարարեց Դանիել Երաժիշտը, ով ներկայացրեց Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Սիամանթոյի և Էդ. Մեժելայտիսի խոսքերի հիման վրա գրված իր ստեղծագործությունները, որոնք կատարեցին Գևորգ Կոջոյանն (տենոր) ու Աստղիկ Խաչատուրյանը (դաշնամուր):

Արևմտահայ բանաստեղծների ստեղծագործություններով հանդես եկավ նաև դերասան Սամվել Բաղինյանը:

Երաժշտական կատարումներով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրվա ուղերձը հղեցին նաև «Նարեկացի» արվեստի միության երգչախումբը (խմբավար՝ Անահիտ Սարգսյան), «Փարոս» կամերային երգչախումբը՝ (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլ (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան):

Միջոցառման ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը իր խոսքն ուղղեց ներկաներին:

-Մենք պետք է վրեժ լուծենք` ապրելով որպես հայ: Մենք պարտավոր ենք կանգուն պահել մեր հավատն ու ոգու արիությունը, որպեսզի նման արհավիրքից այլևս զերծ լինի հայ ժողովուրդը,-նշեց Նարեկ Հարությունյանը:

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումն ավարտվեց ավանդույթ դարձած մոմավառությամբ՝ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի հոգեհույզ և հաղթական մեղեդիների ներքո:

2003 թվականից ի վեր՝ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայ ազգի վերածնունդը և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նոր ցեղասպանությունների կրկնումը: