Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան հանրահայտ թատրոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Այլևս երբեք» խորագրով 40-օրյա միջոցառումների շարքի շրջանակներում ապրիլի 4-ին ցուցադրվել են հանրահայտ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի «Շների կղզին» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը և Մայքլ Հակոբյանի «Գերմանիան և գաղտնի ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, կինոքննադատներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ֆիլմերի ցուցադրությունից հետո դեսպան Սարգսյանը հանդես է եկել Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսությամբ' ներկայացնելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների էությունն ու բովանդակությունը: Այնուհետև դեսպան Սարգսյանը, Աշոտ Սմբատյանն ու Հարություն Խաչատրյանը պատասխանել են ներկաների հարցերին։