Վաշինգտոնում ապրիլի 21-ին մոմավառությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայնը», մոմավառությունը կայացել է Սպիտակ տան առջև: Վաշինգտոնի հայ համայնքի կողմից կազմակերպված մոմավառությանը մասնակցել են ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի անդամներ, սկաուտներ, քաղաքացիներ, ինչպես նաև՝ Հայաստանի բարեկամներ:
«Ես այստեղ եմ, որպեսզի աջակցությունս հայտնեմ, պայքարեմ հանուն արդարադատության, ճնշում գործադրեմ Թրամփի վարչակազմի վրա, որպեսզի ի վերջո ճանաչվի Հայոց ցեղասպանությունը»,-նշել է մոմավառության մասնակից Էդվին Փորթուգիլը:
Կանադայի «Թորոնթո Ռափթերզ» հայտնի բակսետբոլի թիմի մարզիչ Ռեքս Քալամյանը նույնպես ներկա է եղել մոմավառությանը:
«Հպարտ եմ, որ հայ եմ, որ ունեմ այդպիսի արմատներ: Մեր համայնքը շատ ամուր է եւ այստեղ բազմաթիվ մարդիկ են փորձում հասնել Ցեղասպանության ճանաչմանը, ես էլ նրանց կողքին եմ»,- ասել է Ռեքս Քալամյանը:
Մարիամ Մելքումյանը և Նարեկ Գրիգորյանը ընդգծել են ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման կարևորությունը՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների կարևորությունն ու ազդեցությունը միջազգային ասպարեզում:
«Եթե ամերիկյան կառավարությունը ճանաչի, դա մեծ ճնշում կգործադրի Թուրքիայի կառավարության վրա, որը պարտավոր կլինի ինչ-որ չափով գնալ փոխզիջումների», - ասել է Նարեկ Գրիգորյանը:
«Մեր այստեղ լինելը շատ կարեւոր է նաեւ քանի որ եթե Հայաստանում մենք չենք կարող լինել, չենք կարող գնալ բոլոր մարդկանց հետ ապրիլի 24-ին, այստեղ մեր լինելը հենց Սպիտակ տան առջեւ շատ կարեւոր է», - hավելել է Մարիամ Մելքումյանը:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ կարևորել է հավաքը, որը խորհրդանշում է Միացյալ Նահանգների հայ համայնքի պահանջը իրենց իշխանությունից. «Էրդողանն իր ուղին ընտրել է, նա շարունակելու է հերքել, սակայն, Ամերիկային անհրաժեշտ չէ աջակցել Էրդողանին եւ մենք այսօր ասում ենք՝ Թուրքիան արժանի չէ, որպեսզի դրա համար արգելափակվի Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից»:
Ըստ տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի՝ ԱՄՆ-ի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ` հիշատակելով Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային կոտորածները:
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները՝ազդեցիկ կոնգրեսականներ ու սենատորներ արդեն նամակով դիմել են ԱՄՆ-ի նախագահին Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ապրիլի 24-ին հանդես գալ հայտարարությամբ և օգտագործել Ցեղասպանություն եզրը: