Այսօր ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ ԱՀԹ երիտասարդաց միությունների կազմակերպած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ամփոփիչ հանդիպումը: Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ երիտասարդները ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին` սկսած 2014 թվականի մայիսի 24-ից, կազմակերպել են միջոցառումներ, որոնց ընթացքում անդրադարձել էին մշակութային ցեղասպանությանը, նահատակված հոգևորականներին, մտավորականներին, կազմակերպվել են բանախոսություններ, քննարկումներ, ներկայացումներ:

 

«Սկզբնական շրջանում որոշել էինք միջոցառումները կազմակերպել թեմի շրջանակներում, սակայն երկրորդ միջոցառումից հետո մեծ թափ ստացավ, գաղափարը թեմի շրջանակներից դուրս եկավ, տարածվեց բուհական հաստատությունների, ՀԿ-ների ինչպես նաև այլ կազմակերպությունների վրա: Այսօր ամփոփումն է, բայց մենք շարունակական ծրագիր ունենք, որովհետև ամբողջ տարին է նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,- ասաց Ս. Պետրոս ավագ քահանա Մալյանը և նկատեց, որ միջոցառումների սկզբնական փուլում 700-800 երիտասարդ էր մասնակցում, բայց գնալով հետաքրքրությունը մեծացավ, և մասնակիցների թիվը հասավ մի քանի հազարի:

 

Հանդիպման ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին նախաձեռնությանն աջակցած անհատներին, կառույցներին, որոնց թվում էին ՀՀ պաշտպանության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը, Շողակաթ ՀԸ-ն, «Նոյան տապան» լրատվական գործակալությունը և այլն:

Նախաձեռնության համար շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Նշեց, որ անմիջապես ձեռնամուխ են եղել միջոցառումներին մասնակցելուն:

«Ակնկալում էինք, որ ՀՀ բոլոր թեմերում նմանատիպ միջոցառումներ կկազմակերպվեին, բայց այսպիսի նպատակային, խորքային, նպատակադրված միջոցառումներ չէին արվում: Անշուշտ, Արարատյան թեմի այս հայրենանվեր միջոցառումը մեծ նշանակություն ունեցավ և մատաղ սերնդին ևս մեկ անգամ ազդակ ուղարկեց, որ ոչինչ չի մոռացվել: Ինչքան էլ մենք ցեղասպանված ազգ ենք, ունենք կորցած հայրենիք, հողեր, բազմաթիվ խոնարհված եկեցիներ մենք պարտավոր ենք հիշելու և պահանջելու և պահանջատեր ենք լինելու, մինչև դառնանք մեր սեփական հողի տերը»,- ասաց Վարդան Ավետիսյանը: