Լուրեր.com-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը:


-Պարո'ն գեներալ, ապրիլի 24-ին Երկրապահն ի՞նչ միջոցառումներ է ծրագրել:

 

-Երկրապահը դեռ մեկ տարի առաջ է սկսել նախապատրաստությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սա մեր ժողովրդի համար կարևոր ամսաթիվ է: Պետք է համայն մարդկությանը ցուցադրենք մեր միասնականությունը, վճռականությունն ու կազմակերպվածությունը: Ես բազմիցս եմ նշել՝ ապրիլի 24-ը մեզ համար ոչ այնքան սգո, որքան պայքարի, վրիժառության օր պետք է լինի: Հետևողականորեն հասնելու ենք պատմական ճշմարտության վերականգնմանը: Այսինքն՝ Հայաստան պետության, աշխարհասփյուռ հայության միասնական և ծրագրային, համակարգված պայքարը բերելու է այն արդյունքին, որ աշխարհի բոլոր պետությունները, միջազգային բոլոր կառույցները ոչ միայն ճանաչեն ու դատապարտեն ցեղասպանության փաստը, այլև հարկադրեն Թուրքիային գնալ համապատասխան զիջումների, փոխհատուցման, ընդհուպ՝ հայկական հողերի վերադարձի: Չէ՞ որ ցեղասպանությունն իրականացվել է մեր իսկ բնօրրանում, մեր հայրենիքում: Ցեղասպանության միջոցով թուրքերը մեզանից հայրենիք, հայրենի տարածքներ են խլել:

 

Եթե խոսենք միջոցառումներից, ապա առաջին խոշորամասշտաբ ակցիան այս անգամ ևս Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունն իրականացրեց: Երկրապահի հիմնադիր և հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը մենք հռչակել ենք պատանի երկրապահների երդման օր: Այս տարի երդման արարողությունը կայացավ Ծիծեռնակաբերդի բարձունքում: Ցեղասպանության զոհերի հուշարձանի հարևանությամբ տասը հազար պատանի և աղջիկ երդվեցին լինել պահանջատեր, երդվեցին վերատիրանալ բնական հայրենիքի տարածքներին՝ այդ կերպ լուծելով նախնյաց վրեժը: Տասնյակհազարավորներն էլ երդվեցին Հանրապետության բոլոր մարզերում՝ տեղերում կազմակերպված միջոցառումներին: Երդման այդ արարողությունը նաև միասնության քարոզ էր և օրինակ: Ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա առիթով երկրապահական միջոցառումները շարունակվում են և շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում, միջոցառումներ կազմակերպվում են մեր բոլոր մարզային կառույցներում, բոլոր բաժանմունքներում, ներառյալ՝ Արցախն ու արտերկրի ներկայացուցչությունները: Միջոցառումները շատ վայրերում ուղեկցվում են խաչքարերի, ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանների տեղադրմամբ: Նմանատիպ միջոցառումներ եղան Երուսաղեմում, Արցախի տարբեր բնակավայրերում, Հայաստանի տարբեր տարածքներում՝ ամենուր: Երուսաղեմում խաչքարի բացման արարողությանը զուգահեռ նաև ծառատունկ էինք կազմակերպել: Հետաքրքիր միջոցառում էր, որին մասնակցում էին Երուսաղեմի հայ համայնքի, ԵԿՄ և հոգևորականության ներկայացուցիչներ:


-Ինչպե՞ս եք գնահատում պետության մոտեցումը 100-ամյակի ծրագրերում: Այստեղ ոչ միանշանակ կարծիքներ են հնչում:

 

-Ես էլի եմ կրկնում՝ հայ ազգը պետք է միասնական լինի: Մեր պետության ղեկավարը՝ մեր մարտական ընկեր, երկրապահ Սերժ Սարգսյանը շատ հզոր մարդ է, նաև՝ հմուտ քաղաքական գործիչ: Նա պատերազմի ողջ թոհուբոհով է հերոսաբար անցել, թրծվել: Նախագահը շատ հզոր նախաձեռնությամբ հանդես եկավ՝ 100-ամյակի միջոցառումների համազգային կազմկոմիտեի ստեղծմամբ: Նախագահը հիմնեց համակարգ, որի միջոցով աշխարհին պետք է ցուցադրի մեր ազգի միասնականությունը, վճռականությունը: Կատարվող աշխատանքի դրական պտուղներն արդեն իսկ տեսանելի են: Աննախադեպ իրադարձություն էր՝ Հռոմի Պապը սուրբ Պետրոսի տաճարում պատարագ մատուցեց ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի: Սա յուրօրինակ ազդակ է կաթոլիկ հավատքի հետևորդ բոլոր ազգերին և ժողովուրդներին: Հռոմի Պապի այսօրինակ վերաբերմունքն անպայմանորեն ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նոր ալիք է բարձրացնելու: Ակնկալվում է, որ բոլոր կաթոլիկ ժողովուրդներն էլ կճանաչեն ցեղասպանության փաստը: Բարոյական, ինչո՞ւ չէ՝ նաև իրավական ահռելի նշանակություն կարող է ունենալ նաև Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը։ Եվրոպան ուղղակիորեն հասկացնում է, որ ցեղասպանությունը չճանաչած, հայերից ներողություն չխնդրած Թուրքիան տեղ չունի քաղաքակիրթ ազգերի շարքում, եվրաընտանիքում։


-Հնչում են նաև ապրիլի 24-ը ՀՀ իշխանությունների դեմ պայքարի մեկնարկի օր հռչակելու մասին կոչեր: Ինչպե՞ս եք վերաբերվում նման կարգախոսներին:

 

-Ինչպե՞ս կարելի է համազգային միասնության օրը վերածել ներքաղաքական պայքարի: Ովքեր ձգտում են ապրիլի 24-ի օրով պառակտել հայ ազգը, մեր ժողովրդի, Հայաստան պետության թշնամի են: Ես վստահ եմ, որ դավաճանների թիվը մեր երկրում մեծ չէ: Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը չի ընկնի հայատյաց այդ քարոզչության ազդեցության տակ: Անհանգստանալու կարիք չկա: Աշխարհն ապրիլի 24-ին մեր ազգի միասնությանն է ականատես լինելու: Ամբողջ աշխարհի քաղաքակիրթ մարդկությունը մեզ հետ է լինելու՝ գալու են խոնարհվեն միլիոնուկես անմեղ զոհերի հիշատակի առջև: Իսկ պառակտչական կոչերը խեղդվելու են հայ ազգի ընդհանրական վերաբերմունքից, լսելի չեն լինելու: Ապրիլի 25-ին արդեն այդ ազգակործան կոչերի հեղինակներն ամաչելու են, թե ինչ անհեռանկար, իրենց գլխից մեծ գործ էին բռնել: Դրանք ապրիլի 25-ին կհասկանան, որ իրենք մժղուկ են, փոքրիկ, որ կարողանան հայոց պետականությանը, հայ ազգին, հայոց միասնական երթին վնաս հասցնել:


-Պարո՛ն գեներալ, Դուք խոսեցիք պատանի երկրապահների երդման մասին: Դպրոցներում էլ օրեցօր ավելանում են «Պատանի երկրապահ» ակումբները: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը:

 

-«Պատանի երկրապահ» կառույցը ԵԿՄ-ում գործում է դեռ 1997-ից: Սպարապետի ողբերգական մահից հետո ստանձնելով Երկրապահի ղեկավարումը՝ ես պարտքս համարեցի այս կառույցի կայացումն ու զորեղացումը: ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում կան պատանեկան կառույցներ: Սակայն, ժամանակն էր, որ պետությունը տեր կանգնի այս երեխաներին: Այս պատանիներն ու աղջիկները ոչ մեկի սեփականությունն էլ չեն: Եվ մեզ դարձյալ մեծագույն աջակցություն ցուցաբերեց նախագահ Սերժ Սարգսյանը: Հենց նրա շնորհիվ «Պատանի երկրապահ»-ը պետական ճանաչման արժանացավ: 2014-ի սեպտեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ հուշագիր Երկրապահի, պաշտպանության և կրթության նախարարությունների միջև: Ըստ այդմ լայն թափ ստացավ բոլոր դպրոցներում «Պատանի երկրապահ» ակումբների հիմնումը: Մշակվել է հստակ ծրագիր, որով ակումբների սաները ռազմահայրենասիրական դաստիարակություն են ստանում: Այստեղ մեզ աջակցում են հոգևոր դասն ու գործընկեր գերատեսչությունները՝ պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարություններ, Ոստիկանություն: Յուրաքանչյուր ոլորտի համապատասխան մասնագետներն անվճար, կամավոր հիմունքներով մեր պատանիների համար դասընթացներ են վարում: Դասընթացների ավարտին պատանիները քննություն են հանձնում և ստանում համապատասխան վկայական: Առավել շնորհալիներին կոչումներ ենք տալիս՝ ավագ զինվորից մինչև սերժանտ: Այս պատանիները պետության և իրենց ընտանիքների համար լիարժեք, պիտանի մարդիկ են դառնում: Մեր պատանեկան կառույցներով անցած տղաները բանակի լավագույն զինվորներ, սպաներ են դառնում, օրինակելի վարքով աչքի են ընկնում նաև առաջնագծում:


-Ի դեպ, իրավիճակը սահմանին, կարծես, դուրս է գալիս վերահսկողությունից: Դա մտահոգիչ չէ՞:

 

-Չի կարելի ասել, թե մեր բանակը, մեր պետությունը չի վերահսկում իրավիճակը: Վստահ եղեք, որ մենք ուժեղ ենք և կազմակերպված: Այսօր լիարժեքորեն պատրաստ ենք պաշտպանել հայրենյաց սահմաններն ու խստորեն պատժել ոտնձգություն անողներին: Թուրքը նենգ է: Դրանց ղեկավարությունն իրենց զինվորների կյանքն էլ չի ափսոսում: Այո՛, այսօր մենք ցավալի զոհեր ենք ունենում: Զոհվում, հաշմվում են հերոս, հայրենասեր տղաներ: Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս ներողություն խնդրեմ թշնամու դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակված մեր զավակների ծնողներից: Այդ տղաներն անմահացել են, նրանք հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում: Սահմանային այս լարված վիճակը հենց ամենամտահոգիչն է: Սահմանի ամրացման, համազգային ներուժի կենտրոնացման հարցերում է, որ ազգովի համախումբ պետք է լինենք: Այստեղ է, որ պետք է զգույշ լինենք, որ մեր ավելորդ պառակտչական քարոզչությամբ թշնամու ջրաղացին ջուր չլցնենք:

 

Այսօր բանակը համազգային գուրգուրանքի կարիք ունի: Ազգովի պետք է մեր հնարավորությունները ներդնենք, յուրաքանչյուրս աջակից լինենք, որպեսզի մեր բանակը ձեռք բերի ժամանակակից սպառազինություններ, ժամանակակից տեխնիկա: Մենք թշնամուց թույլ լինելու իրավունք չունենք: Կրկնում եմ՝ համազգային իղձերի իրականացման համար մեզ, մեր ազգին համախմբում է հարկավոր: Երկրապահի կոչն է հայ ազգին՝ լինենք միասնական: