Հռոմի Ջոն Քեբոտ ամերիկյան համալսարանում կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված կոնֆերանս՝ «Հիշելով և ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը. 1915-2015» խորագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' կԿոնֆերանսը կազմակերպել էին Ջոն Քեբոտ համալսարանը և Հռոմի ու Լացիոյի հայկական համայնքը:
Ներկա էին Ջոն Քեբոտ համալսարանի նախագահ Ֆրանկո Պավոնչելլոն, համալսարանի ուսանողներ և դասախոսներ, իտալական հասարակական շրջանակների, ԶԼՄ-ների և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի բանախոսներն էին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Ջոն Քեբոտ համալսարանի դասախոս պրոֆեսոր Զարա Պողոսյանը, Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն պատմաբան Արա Սարաֆյանը:
Կոնֆերանսի բացման խոսքով հանդես եկավ Ֆրանկո Պավոնչելլոն: Նա իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականության դեմ պայքարը՝ նշելով, որ համալսարան ի կողմից կոնֆերանսի կազմակերպումը մի կողմից հիշատակի տուրք է Մեծ եղեռնի զոհերին, իսկ մյուս կողմից ժխտողականության դեմ պայքարի խորհուրդ է պարունակում:
Նախքան իր ելույթը պրոֆեսոր Զարա Պողոսյանը ընթերցեց Ստամբուլի Սաբանչի համալսարանի դասախոս պրոֆեսոր Այշե Գյուլ Ալթինայի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում էր՝ «Թող որ մենք Թուրքիայում խիզախություն և ուժ ունենանք առերեսվելու հայերի ցեղասպանության հետ՝ մարդկության դեմ մի սարսափելի ոճրագործության, ինչպես նաև կյանքի, սիրո և հույսի ահռելի կորստի հետ: Թող այս 100-ամյա տարելիցը մեÕ ¦ բոլորիս միավորի աշխատելու հանուն արդարության և բոլորի համար խաղաղ ապագայի»:
Պրոֆեսոր Զարա Պողոսյանը ներկայացրեց այն հետևանքները, որ ցեղասպանությունն ունեցավ հայ ժողովրդի հետագա ճակատագրի, ինչպես նաև, որպես չպատժված ոճրագործություն, այլ ցեղասպանությունների նախաձեռնման և իրականացման վրա:
Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը խոսեց Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքական և հասարակական, անկախ պատմագիտական շրջանակներում նկատվող դրական փոփոխությունների մասին, որոնք հույս են ներշնչում, որ Թուրքիան վերջ իվերջո կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Իր ելույթում Դեսպան Սարգիս Ղազարյանը գոհունակություն հայտնեց, որ դահլիճում ներկա են մեծ թվով ուսանողներ՝ նկատելով, որ ցեղասպանությունների մասին երիտասարդ սերնդի կրթումն ու տեղեկացվածությունը շատ կարևոր են հետագա ցեղասպանությունների կանխարգելման համար: Այդ առումով նա կարևորեց ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարը: Դեսպանը հատուկ անդրադարձ կատարեց Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությանը և ներկայացրեց միջազգային հարթակներում ցեղասպանությունների կանխարգ ելման գործում Հայաստանի Հանրապետության կատարած աշխատանքները: