Լիբանանում ՀՀ դեսպանությունում ապրիլի 10-ին տեղի ունեցավ հուշ երեկո՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա են եղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Հայ Կաթողիկե Պատրիարք կաթողիկոսի ներկայացուցիչ, Զմմառի վանքի մեծավոր, գերապայծառ Գաբրիել Մուրադյանը, Լիբանանի էներգետիկայի և ջրի նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ , ԱԳՆ ներկայացուցիչներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի անդամները, հյուրեր Քուվեյթից և Հայաստանից:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում նշել է. «99 տարի հետո էլ հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության հետևանքները չեն վերացվել: Մարդկության դեմ կատարված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ: Ժխտումը ցեղասպանության շարունակություն է և պետք է խստիվ դատապարտվի մարդկության կողմից: 99 տարի է, ինչ աշխարհասփյուռ հայությունը և ողջ միջազգային հանրությունը սպասում է, որպեսզի Թուրքիան պատմական փաստերը խեղաթյուրելու և ժխտողական քաղաքականություն վարելու փոխարեն վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Դեսպան Քոչարյանը շնորհակալություն է հայտնել աշխարհի բոլոր երկրներին և կազմակերպություններին, մասնավորապես, Լիբանանի խորհրդարանին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանոթյունը:

 

Անդրադառնալով Քեսաբի դեպքերին՝ ՀՀ դեսպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծի իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար:

 

Լիբանանի Հայոց ցեղասպանության 100‑ամյակի Կենտրոնական մարմնի անունից հանդես է եկել Ռաֆայել Ումուդյանը, ով բարձր է գնահատել արդյունավետ գործունեությունը և սերտ համագործակցությունը ՀՀ դեսպանության հետ: Իր ելույթում նա կարևորել է համակարգված աշխատանքը, ջանքերի համախմբումը՝ ցեղասպանության միջազգային ճանաչման, որպես պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ:

 

Հուշ երեկոյին ելույթ են ունեցել նաև Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի ներկայացուցիչ Հասան Մխայբերը և Լիբանանում Վատիկանի ներկայացուցիչ, Ն.Գ. նվիրակ Գաբրիելա Կաչիան, որոնք, կիսելով հայ ժողովրդի ցավը և անդրադառնալով 20-րդ դարի ոճրագործություններին, հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը ջանք չի խնայի՝ կանխելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

 

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են փաստավավերագրական ֆիլմեր, տեղի են ունեցել գեղարվեստական կատարումներ: