Լիբանանի «Notre Dame» համալսարանի ղեկավարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի համատեղ ջանքերով ու Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի 20-ին կայացել է համաժողով' նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համաժողովին, որն ուղիղ եթերով հեռարձակվել է լիբանանյան «OTV» հեռուստաալիքով, ներկա են եղել նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, ուսանողներ:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում համալսարանի դոկտոր Նատա Սաատ Սապերը նշել է, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ու, չնայած պատմական անժխտելի փաստերին ու վկայություններին, Թուրքիան շարունակում է ուրանալ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խտըշյանը հակիրճ ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը: Նա ընդգծել է, որ այս հանդիսությունը միայն նահատակների հիշատակի համար չէ, այլ հաղթանակի տոնախմբություն է, մեր ազգի ուժի ու ապրելու կամքի արտահայտություն: Բանախոսը, եզրափակելով իր խոսքը, նշել է, որ հայ ժողովուրդը պետք է շարունակի վերականգնել արդարությունն ու ճշմարտությունը' ստեղծագործելով և փոխանցելով իր հարուստ պատմությունն աշխարհին:
Համալսարանի փոխնախագահ Սուհել Մաթարն անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանն ու Հայոց ցեղասպանությանը' խոսելով Օսմանյան կայսրությունում իրականացված ջարդերի մասին և հիշատակելով երիտթուրքերի, ապա Աթաթուրքի վարած քաղաքականությունը: Դոկտոր Մաթարն իր ելույթը եզրափակել է հետևյալ խոսքերով. «100-րդ տարելիցը թող նոր դուռ բացի հայ ազգի համար՝ դեպի խաղաղություն և արդարություն»:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում անդրադարձել է հայ ժողովրդի հարուստ մշակույթին ու պատմությանը, մի ժողովրդի, որը, կրելով բազմաթիվ զրկանքներ և կորուստներ, միշտ պայքարել է հանուն լեզվի, կրոնի և արժեքների պահպանման: Դեսպանը ներկայացրել է մանրամասներ մեծ պատմական արժեք ներկայացնող հայկական խաչքարերի պատմության, ինչպես նաև հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների հանդեպ Օսմանյան կայսրությունում և Ադրբեջանի տարածքում իրականացված մշակութային ցեղասպանության փաստերի վերաբերյալ: Նա կարևորել է Համահայկական հռչակագրի ընդունո ւմը, ինչը հայ ժողովրդի միասնության և համախմբվածության արդյունք է: Դեսպանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը, անցնելով վերածնվելու և ազատագրվելու հերոսական ու փառահեղ ուղին, նշում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ: Եզրափակելով իր խոսքը' դեսպանը շեշտել է, որ հայ ժողովուրդը շարունակելու է պայքարը պատմական արդարության վերականգման, համաշխարհային ճանաչման, դատապարտման և Ցեղասպանության բոլոր հետևանքների վերացման ուղղությամբ:
Պաշտոնական ելույթներից հետո միջոցառման մասնակիցները համալսարանի բակում ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի տեղադրման արարողությանը:
Բարերար, խաչքարի տեղադրման նախաձեռնող Սարգիս Բուդաքյանը շեշտել է, որ հայրենիքի նկատմամբ սերն ու հավատարմությունն է, որ համախմբել է ձեռնարկի բոլոր մասնակիցներին: Նա նշել է, որ խաչքարը երախտագիտության հավաստիք է հայերի կողմից Լիբանանի ժողովրդի նկատմամբ, որը գրկաբաց ընդունեց և ձեռք մեկնեց գաղթական հայորդիներին: