Հայ երաժիշտները Լիբանանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով են հանդես եկել երկրի լավագույն իրադարձություններից մեկին' Բեյթեդին արվեստի փառատոնին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը Լիբանանից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը'Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերի հետ օգոստոսի 8-ին փայլուն ելույթ է ունեցել Beiteddine Art Festival-ի շրջանակում:
«Համերգը մեկնարկել է Խաչատրյանի Սպարտակ սյուիտի կատարմամբ: Այնուհետև բեմ է բարձրացել մեր անվանի և տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ով նվագախմբի հետ փայլուն կերպով կատարել է Բրամսի Ջութակի կոնցերտը: Այս կոնցերտի մասերի կատարման ժամանակ բուռն ծափողջուններ են հնչել»,-տեղեկացրեց Արման Պադարյանը:
Երեկոյի ընթացքում նվագախումբը և երգչախմբերը ղեկավարել է ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
«Երկրորդ բաժնում հնչել է Մոցարտի Ռեքվիեմը: Որպես բիս հնչել է Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմից հատված: Անդադար ծափահարություններից և «բրավո»-ներից հետո համերգն ավարտվել է: Երեկոյին մասնակցել է մոտ 3000 հանդիսատես: Համերգի բոլոր մասնակիցները, աշխատակազմը, VIP հյուրերն իրենց կրծքին կրել են «անմոռուկ»: Այդ սիմվոլով է զարդարված եղել նաև բեմը»,-հավելեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսերը:
Որպես մենակատարներ համերգային երեկոյի ընթացքում հանդես են եկել նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն):