Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված «Կվիբուկա 25» միջազգային համաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հայտնում է նախարարությունը:
«Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականայանը մասնակցեց «Կվիբուկա 25» միջազգային համաժողովին՝ նվիրված Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին: Համաժողովին հատուկ ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, ով, իր խոսքի սկզբում ողջունելով Հայաստանի ԱԳ նախարար և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Զոհրաբ Մնացականյանին, կարևորեց Երևանում անցյալ տարվա դեկտեմբեր ամսին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի անցկացումը, որի ժամանակ շեշտադրվեց կրթության կարևոր դերը կանխարգելման գործընթացում:
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի նախարարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ:
Զրուցակիցները ընդգծեցին ՄԱԿ-ի շրջանակներում ցեղասպանության կանխարգելման իրավական նորմերի և մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց նաև կրթության և հիշողության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում»,- նշված է հաղորդագրությունում: