Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի թանգարանի շենքում' Կարլռուհեի պատմական ամրոցում, մարտի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը կազմակերպվել է Կարլսռուհեի քաղաքապետարանի, Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գյուն թեր Պիլարսկու, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի կողմից:

 

 

Միջոցառումն սկսկվել է ամրոցի մուտքի առջև մոմավառության արարողությամբ և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի աղոթքով: Ներկաներին ողջույնի խոսքով են դիմել Կարլսռուհեի փոխքաղաքապետ Յան Քոյֆլայնը և Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը: Ելույթով հանդես է եկել Բոխումի համալսարանի պրոֆեսոր Միհրան Դաբաղը:

 

 

Գերմանաբնակ հայ ջութակահար Անի Աղաբեկյանը և օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը ներկաների համար կատարել են Կոմիտասի, Բաբաջանյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները: