Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող իտալական Պեզարո քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Իլարո Բարբանտիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին' Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրան արդեն երրորդ տարին անընդմեջ Երևան այցելելու և «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին մասնակցելու համար. «Մեր երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերություններն իսկապես ջերմ են ու բարեկամական, ինչի մասին են վկայում ինչպես Ձեր հարգալից այցերը Երևանի տոնին, այնպես էլ Ձեր իսկ առաջարկով Պեզարո քաղաքին մեր կողմից նվիրաբերված երկու քաղաքների բարեկամությունը խորհրդանշող խաչքարը, որն առաջիկայում կտեղադրվի Պեզարոյում ու կնվիրվի Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին:
Եվ հատկապես հաշվի առնելով, որ 2015թ. Հայաստանում նշվելու է այդ ոճրագործության 100-րդ տար ելիցը, Պեզարոյում այդ խաչքարի տեղադրումն իսկապես յուրովի հարգանքի տուրք կդառնա 1915թ. զոհերի հիշատակին և կլինի համամարդկային արժեքների կարևորման ևս մեկ վկայություն»,- ընդգծել է քաղաքապետը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ Պեզարոյի քաղաքային խորհրդի նախագահ Իլարո Բարբանտին համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Պեզարոյի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Մենք ևս, պարոն քաղաքապետ, անչափ կարևորում ենք հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված հայկական խաչքարի տեղադրումը Պեզարոյում:
Վստահեցնում եմ, որ այն իր ուրույն և արժանի տեղը կգտնի մեր քաղաքում, և մենք առաջիկայում հնարավորություն կունենանք միասին կատարել այդ խաչքարի հանդիսավոր բացումը»,- ընդգծել է Իլարո Բարբանտին:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ջերմ ողջույններն ու շնորհավորանքներն է փոխանցել Պեզարոյի նորընտիր քաղաքապետ Մատեո Ռիցիին և հրավիրել է այցելել Երևան: