ԱՄՆ Կոլորադո նահանգի հայ համայնքը համակարգող կազմակերպությունը հրապարակել է ապրիլին կայանալիք' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների ցանկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Արսպարեզ» պարբերականը, ոգեկոչման արարողություններին է միացել Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիքենլուփերը:
«2013 թվականին Կոլորադոյի գլխավոր ասամբլեան և ես թույլատրեցինք հայկական խաչքարի տեղադրումը նահանգի մայրաքաղաքումˋ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի: Մենք անհամբերութամբ սպասում են ապրիլի 24-ինˋ այդ գեղեցիկ հուշարձանի բացման արարողությանը»,- նշել է նա:
Պարբերականը տեղեկացնում է, որ մինչ ապրիլի 24-ը դասախոսություններ կընթերցվեն Հայոց ցեղասպանության և Թուրքիայում փրկված հայկական ժառանգության մասին:
Ոգեկոչման արարողություններ տեղի կունենան նաև ապրիլից հետո: Սեպտեմբերին սպասվում է «Կոլորադո, մենք շնորհակալ ենք» երեկույթը, իսկ դեկտեմբերին կկայանա արարողությունˋ նվիրված Ջուղայի հայկական գերեզմանոցի ավերածությունների 10-րդ տարելիցին: