Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի «Մակենզի» երիցական համալսարանում մայիսի 6-7-ին կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողով, որի ժամանակ քննարկվել են 100-րդ տարելիցի միջոցառումներին առնչվող հարցեր:
Խորհրդաժողովին ելույթով է հանդես եկել Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, ով կարևորել է խորհրդաժողովի աշխատանքները' ընդգծելով, որ ներկայացված զեկույցները և դրանց հետևած հարցադրումներն ու ելույթները կարևոր աջակցություն էին արտահայտում Հայաստանին և դատապարտում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը:
Մայիսի 8-ին Սան Պաուլոյի Մայր Տաճարում Կարդինալ Դոմ Օդիլիո Պեդրո Շերերի կողմից անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագ: Արարողությանը ներկա են եղել հայկական եկեղեցիների առաջնորդներ, հայ և հրեական համայնքների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգային պատգամավորներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Պատարագի ավարտին ելույթ է ունեցել դեսպան Գալոյանը, ով իր երախտիքն է արտահայտել Սան Պաուլո նահանգի և քաղաքի ղեկավարներին և հասարակայնության լայն շրջանակներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նահանգային Օրենսդիր ժողովի որոշմամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Պատարագն ուղիղ միացմամբ հեռարձակվել է մի քանի հեռուստաընկերությունների կողմից: