Ռումինիայում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 3-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքի «Օվիդիուս» համալսարանի Սենատի դահլիճում տեղի ունեցավ «Հայերը կյանքի ու մահվան միջեւ. հայ նահատակության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էին Ռումինիայի տեղական հանձնաժողովն ու Ռումինիայում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաեւ Ռումինիայի հայոց միության եւ Հայո ց թեմի Կոնստանցայի մասնաճյուղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովին ելույթ ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Տոմիսի Թեոդոս արքեպիսկոպոսի ներկայացուցիչը: Հայոց պատմության, Ցեղասպանության եւ Ֆրանց Վերֆելի մասին թեմատիկ զեկուցումներով հանդես եկան պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Վալենտին Չորբեան, դոկտոր, պրոֆեսոր Միքայել Կիրկորը եւ Ռումինական ակադեմիայի անդամ, դոկտոր, պրոֆեսոր Կարապետ Կումբեթլյանը:
Խոսելով Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների բռնած ժխտողականության եւ անզիջում դիրքից վարվող քաղաքականության անընդունելիության մասին' դեսպան Գասպարյանը նշեց միջազգային համախմբման անհրաժեշտությունը ցեղասպանությունների կանխարգելման եւ ժխտողականության դեմ պայքարի հարցում: Այդ առումով նա բարձր գնահատեց Եվրոպական խորհրդարանի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, ինչպես նաեւ ԵԺԿ-ի հստակ եւ հատուկ բանաձեւերի նշանակությունը:
Գիտաժողովի ելույթներին հետևեցին քննարկումներ ռումինական ակադեմիական շրջանակների եւ հայ համայնքի ներկայացուցիչներից կազմված լսարանի մասնակցությամբ: