Մարտի 13-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր երախտագիտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանի էներգետիկայի, կրթության և բարձրագույն կրթության, գյուղատնտեսության նախարարները, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, կրոնական առաջնորդներ, խորհրդարանի պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

 

 

Բացման խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրներում անցկացվող, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների նպատակն է միջազգային հանրության լայն զանգվածներին իրազեկ պահելը և հայ ժողովրդի պահանջատիրությունը լսելի դարձնելը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած Լիբանանի խորհրդարանին, բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին: Նա ընդգծեց, որ ոգեկոչման միջոցառումներն անցկացվում են «հիշողություն», «երախտագիտություն», «միջազգային պայքար» և «վերածնունդ» հիմնական ուղղություններով:

 

 

Աշոտ Քոչարյանը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ընդունված Համահայկական հռչակագիրը, որը հայ ժողովրդի միասնության և համախմբվածության արդյունք էր: Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը, անցնելով վերածնվելու և ազատագրվելու հերոսական ու փառահեղ ուղին, նշում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ:

 

 

Այնուհետև ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի փոխատենապետ Շահան Կանդահարյանը: Խոսելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին' նա շեշտեց, որ միջազգային հանրությունը արդար գնահատական պետք է տա կատարված հանցագործությանը։ Շահան Կանդահարյանը եզրափակեց, որ եթե 100 տարի առաջ իրականացված Ցեղասպանությունը դատապարտվի, աշխարհն այլևս ականատես չի լինի նոր ցեղասպանությունների։

 

 

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ Ղասան Մուխայբերն, անդրադառնալով Օսմանյան Կայսրությունում հայ և լիբանանցի ժողովուրդների զրկանքներին և տառապանքներին, ընդգծեց. «Մենք բոլորս հայ ենք»: Նա հպարտությամբ խոսեց լիբանանահայ համայնքի մասին, որի հանդեպ Լիբանանի ժողովուրդը ունի հատուկ վերաբերմունք և հարգանք: Մուխայբերը կոչ արեց միջազգային հանրությանը համախմբվելու' հետագայում հնարավոր ցեղասպանությունները կանխելու նպատակով:

 

 

Երեկոյի վերջում ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ընդգծեց, որ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշելու արաբական աշխարհի, մասնավորապես Լիբանանի ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը, ինչի շնորհիվ հայության բեկորները փրկություն և ապաստան գտան, հիմնավորվեցին, ինտեգրվեցին և ակտիվորեն մասնակցեցին քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին:

 

 

Նախարարը, մեջբերելով ՀՀ Նախագահի' ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում ունեցած ելույթը, շնորհակալություն հայտնեց բոլոր պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք ճանաչել և դատապարտել են մարդկության դեմ կատարված սոսկալի ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը: Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը' Հրանուշ Հակոբյանը նշեց. որ ներկայումս Թուրքիան ջանքեր չի խնայում' խեղաթյուրելու, ժխտելու և կեղծելու իրականությունը:

 

 

Նա համոզմունք հայտնեց, որ Թուրքիան մի օր ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը նաև այն պատճառով, որ թուրքական հասարակությունում մարդիկ սկսել են ուսումնասիրել իրենց իրական պատմությունը, իսկ աշխարհասփյուռ հայ ժողովուրդն այլևս չի լռելու և անընդհատ պահանջելու է համազգային իրավունքների վերականգնում: Նախարար Հակոբյանը ներկայացրեց Համահայկական հռչակագիրի գլխավոր սկզբունքները 100-ամյակի «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին համահունչ։