Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողության մեկնարկը Հունաստանում կտրվի հունվարի 18-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի կենտրոնական հանձնախմբից տեղեկացրին, որ այդ օրը Աթենքի «Գալութա» դահլիճում կկայանա միջոցառում, որի ընթացքում էլ հունահայ համայնքը կհայտարարի 2015թ. տարեկան ծրագիրը:

 

«Հայոց ցեղասպանության պահանջատիրության կարեւորագույն նոր հանգրվանը համարվող 100-րդ տարելիցի նշումը հայության արդար եւ գիտակից պայքարի դրսեւորումն է, որը կհամախմբի համայն ազգի ներուժը: Մեր ազգի արդար պահանաջատիրությանը ձայն եւ հանրային շեշտադրում տալու առումով նկատի են առնված քաղաքական եւ մշակութային տարբեր բնույթի նախաձեռնություններ, որ հայության արդար պայքարի եւ պահանջի վրա պետք է կենտրոնացնեն օտար հանրային կարծիքի ուշադրությունը, այնպես ինչպես նախատեսված է կատարել ամբողջ աշխարհում»,- փոխանցեցին հանձնախմբից:

 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածբռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքականկառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունումապրում էին երկու միլիոնից ավել հայեր:

 

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխա րհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:

 

2015թ. հայ ժողովուրդը կոգեկոչի Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ նպատակով Հայաստանում եւ սփյուռքում նախատեսվում են անցկացնել միջոցառումներ, քննարկումներ, գիտաժողովներ ու ցուցահանդեսներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխարհի բազմաթիվ երկրների առաջնորդների, այդ թվում Է Թուրքիայի նախագահին ապրիլի 24-ին հրավիրել է Հայաստան' Ծիծեռնակաբերդում մասնակցելու ոգեկոչման արարողությանը: