Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը փետրվարի 16-ին հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի նախագահ Սալեմ Ալ-Ջուբուրիի հետ եւ քննարկվել հայ-իրաքյան համագործակցության օրակարգի հարցերը:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայության հետ կապերի վարչությունից, ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի դերը' Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի նախագահը և դեսպան Գրիգորյանն անդրադարձել են խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններին, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանն առնչվող հարցերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի քաղաքական իրադրությանը, ազգային և կրոնական փոքրամասնությունների կացությանը վերաբերող հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում դեսպան Գրիգորյանը Սալեմ Ալ-Ջուբուրիին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսվելիք միջոցառումները:
Դեսպան Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հասան Ք. Ալ-Համդանիի հետ: