Վրաստան ժամանած Գերմանիայի Դաշնության Բունդեստագի նախագահը հետաքրքրվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող ծրագրերից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, Վրաստանում Գերմանիայի դեսպան Օրթվին Հենիգ ի նախաձեռնությամբ Բունդեստագի նախագահ դոկտոր Նորբերտ Լամմերտը փետրվարի 13-ին հանդիպել է Վրաց Ուղղափառ, Հռոմեական կաթոլիկ, Գերմանական լյութերական, Մկրտական-ավետարանական Եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների, Հրեական համայնքի րաբբիի և Եզդի համայնքի հոգևոր առաջնորդի, ինչպես նաև Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:
Գերմանիայի Բունդեստագի նախագահին հետաքրքրել է Վրաստանում կրոնական հանդուրժողականության իրավիճակը, քրիստոնյաների, մահմեդականների, հուդդայականների և այլ կրոնական համայնքների փոխհամագործակցությունը:
Բարձրաստիճան հյուրին ներկայացնելով Հայոց Եկեղեցու և Վիրահայոց թեմի վրացահայությանը հուզող հիմնահարցերը' Վիրահայոց թեմի առաջնորդը նշել է, որ Վրաստանում շարունակվում է կրոնական համայնքների փոխգործակցությունը, իսկ պետության հետ համագործակցությունից թեմն ակնկալում է պատմական իր եկեղեցիների վերադարձի հիմնախնդրի լուծում: Բունդեստագի նախագահը հարցրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծարգրերի մասին' նշելով, որ ողջ Եվրոպան տեղյակ է 100 տարի առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին:
Նա նաև հավելել է, որ հայկական տարբեր համայնքներում տարբեր միջոցառումներով հիշատակելու են այդ ողբերգական կորստի զոհերին և Եվրոպայում ուշիուշով հետևում են հայ-թուրքական փոխհարաբերություններին: Բարձրաստիճան հյուրերին հետաքրքրել է նաև, թե Վրաստանի հայ համայնքի որքան մասն է կազմում ցեղասպանությունից մազապուրծ փրկված և Վրաստան գաղթած հայության թիվը:
Սրբազանն իր երախտագիտությունն է հայտնել դոկտոր Նորբերտ Լամմերտին հայ ժողովրդի մեծ վշտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար և ներկայացրել, որ հակառակ պատմական իրադարձություններին, Վրաստանում հայ համայնքը հաշտ ապրում է իսլամական համայնքի հետ, չմոռանալով, անշուշտ, պատմության արդարության հիշողությունն ու պահանջատիրությունը: Սրբազանը նշել է, որ վրացահայ համայնքի գրեթե մեկ երրորդը հանդիսանում են ցեղասպանության զոհերի ժառանգներ և վրացահայությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպում է տարբեր միջոցառո ւմներ և աշխարհասփյուռ հայության հետ իր ձայնն է բարձրացնում արդարության համար:
Թեմի առաջնորդը նաև իր գոհունակությունն է հայտնել վրացական իշխանություններին և կրոնական բոլոր համայնքների ներկայացուցիչներին, ովքեր մշտապես կիսում են վրացահայության վիշտը և կանգնում են հայ համայնքի կողքին:
Հանդիպմանը քննարկվել են նաև համայնքների միջև խառը ամուսնությունների և բազմամշակութային փոխհամագործակցության վիճակագրությունը Վրաստանում: